en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
19Հնվ

Ամերիաբանկը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ

Ամերիաբանկը 25 մլն վարկային պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով:  

Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում Ամերիաբանկը կստանա վարկային միջոցներ «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին տեղական արժույթով վարկեր տրամադրելու համար։ Ծրագրի շրջանակներում տրամադրվում է ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն, իրականացվում է ռիսկերի նվազեցում՝ տեղական ֆինանսական հաստատությունների առաջին վնասը փոխհատուցելու միջոցով և բիզնես-խորհրդատվություն՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։ Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները ֆինանսավորվում են Եվրոպական միության (ԵՄ) և Շվեդիայի կառավարության կողմից համատեղ:

Կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն աջակցելու նպատակով։ 

Ամերիաբանկը նաև կստանա վարկային միջոցներ ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ներդրումների համար:  

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «ՎԶԵԲ-ի հետ արժեքավոր համագործակցությունը շարունակելու հնարավորությունը մեծ պատիվ է Ամերիաբանկի համար: Համագործակցության այս նոր ծրագրի շրջանակներում աջակցելու ենք ՓՄՁ-ների կողմից նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելուն՝ դրանով իսկ նպաստելով ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը: Բացի այդ, ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում երկարաժամկետ ֆինանսավորում ենք տրամադրելու կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին: Կանանց ձեռներեցության և ընդհանրապես բիզնեսում կանանց ներգրավվածության խթանումը կարևոր է մեր երկրի ողջ տնտեսական ներուժն իրացնելու համար՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, արդյունավետությունը և տնտեսական աճի տեմպերը բարձրացնելու միջոցով»:

ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ը բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 երկրներում: Բանկը պատկանում է 67 երկրների, ինչպես նաև ԵՄ-ին և ԵՆԲ-ին: ՎԶԵԲ-ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցունակ, ներառական, լավ կառավարվող, կանաչ, կայուն և ինտեգրված դարձնելուն: 

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի մասին
ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները և գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Այն թույլ կտա ընկերություններին բարելավել աշխատակիցների աշխատանքային պայմանները և նպաստել շրջակա միջավայրի կայունությանը: Վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը կհատկացվի «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորմանը` համաձայն ՎԶԵԲ-ի՝ «Անցում դեպի կանաչ տնտեսություն» (GET) մոտեցմանը։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն (երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում)։  

Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը դասվում է Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունների շարքին: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն ապագա զարգացնելու իր հանձնառությանը: 

Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ: