14Հլս
Ամերիաբանկն արժանացել է Euromoney-ի «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2014» մրցանակին
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2014» գերազանցության մրցանակին, որը հայտարարվել էր ամսագրի 23-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Արդեն երրորդ անգամ բանկն արժանանում է այս հեղինակավոր մրցանակին (նախորդ երկուսը շնորհվել էին 2011 և 2012թթ.), որը շնորհվում է ծառայությունների, նորարարության և որակի ամենաբարձր չափանիշներ ապահովող կազմակերպություններին՝ ելնելով քանակական տվյալներից և հիմնավորված, ծանրակշիռ սուբյեկտիվ դատողություններից:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Euromoney-ն մեզ շնորհել է այս հեղինակավոր մրցանակը երրորդ անգամ չորս տարվա ընթացքում: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր անձնակազմին՝ շարունակական ջանքերի, բարձր պրոֆեսիոնալիզմի և որակի համար», – նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Մրցանակի մասին. արդեն 23 տարի է, ինչ Euromoney-ի գերազանցության մրցանակը հանդիսանում է ֆինանսական հատվածի ամենահեղինակավոր մրցանակը: Մրցանակն շնորհվում է բազում անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն պրոդուկտների ավելի քան 20 անվանակարգում, իր դասում լավագույն կազմակերպություն բոլոր տարածաշրջաններում և լավագույն բանկ անվանակարգերում ավելի քան 100 երկրներում: Հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի ամսագրի հուլիսյան համարում:
Մրցանակների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք Euromoney-ի պաշտոնական կայքէջը: