12Մյս
Fitch վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է «B պլյուս» վարկանիշ` «Կայուն» հեռանկարով
Fitch հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը՝ սահմանելով «Կայուն» հեռանկար մեկ տարի առաջվա «Բացասական»-ի փոխարեն և վերահաստատելով Ամերիաբանկին շնորհած՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR): Հաշվի առնելով բանկի ամուր դիրքը՝ բանկին շնորհվել է արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշին հավասարեցված «b+» կայունության վարկանիշ, որը չի արտացոլում բաժնետիրոջ կամ պետության աջակցությունը:
Նման վարկանիշի վերահաստատումը խոսում է Բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշների, իրացվելիության զգալի պաշարի, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերի և բարձր հեղինակության մասին: Fitch–ը կարևորել է այն հանգամանքը, որ չնայած ՀՀ բանկային համակարգում առկա բարձր մրցակցությանը՝ Ամերիաբանկը գրավել է հաստատուն դիրքեր շուկայում` պահպանելով առաջատարի դիրքը վարկավորման ոլորտում (մասնաբաժինը շուկայում` 15%), առևտրի ֆինանսավորման և հաճախորդների նկատմամբ պարտավորությունների մասով (մասնաբաժինը շուկայում` 15%):
Սահմանելով վարկանիշի կայուն հեռանկար` Fitch-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշմանը: Բացի այդ, Բանկն ունի նաև եկամտաբերության բավարար մակարդակ և կապիտալի զգալի պաշար` 2015թ-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված 40 մլն ԱՄՆ դոլար միջոցների հաշվին, որոնք թույլ կտան հանգիստ դիմակայել ակտիվների արժեզրկմանը: