en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
18Ապր

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ EMEA Finance ամսագրի կողմից

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ EMEA Finance ամսագրի կողմից` 2018 թվականի արդյունքներով: 
2018թ. եվրոպական բանկային ոլորտի մրցանակներն շնորհելիս EMEA Finance-ը ղեկավարվել է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են շահութաբերության և շուկայական մասնաբաժնի կայուն աճն օրենսդրական և նորմատիվային դաշտի խստացման պայմաններում, ինչպես նաև բանկային ոլորտի թվայնացման ընձեռած հնարավորություններից օգտվելու, նորարարական ՏՏ լուծումներով հանդես գալու և դրանց միջոցով հաճախորդների` օրեցօր աճող պահանջները բավարարելու կարողությունը: 
«Մենք ուրախ ենք արժանանալ EMEA Finance-ի «Հայաստանի լավագույն բանկ 2018» մրցանակին: 2018-ին մենք իսկապես արձանագրեցինք բարձր ֆինանսական ցուցանիշներ, ավելին` բարելավեցինք ծառայությունների մատուցումը և զարգացրինք թվային բանկային ծառայությունները, ապահովեցինք առաջատար դիրք ինչպես շուկայի մասնաբաժնով, այնպես էլ սպասարկման որակով, և ուրախ ենք, որ EMEA Finance ամսագիրը սա գնահատել է` մեզ շնորհելով այս մրցանակը», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

EMEA Finance-ի մասին
EMEA Finance-ը երկամսյա պարբերական է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA տարածաշրջան) ֆինանսական շուկաների վերաբերյալ: Ամսագիրը հիմնադրվել է 2008 թվականին և այսօր արդեն համարվում է տեղեկատվության առաջատար աղբյուր ֆինանսական հատվածի ղեկավարների համար: Հրատարակվում է EMEA Finance Limited-ի կողմից, որը մասնագիտանում է բացառապես EMEA տարածաշրջանում ֆինանսական շուկաների ուսումնասիրության մեջ: Մանրամասն տես www.emeafinance.com կայքում: