04Դկտ
Ամերիաբանկը ճանաչվել է 2020թ. լավագույն բանկը Հայաստանում «The Banker» ամսագրի կողմից
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության` «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:
Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ընթացքում մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի, ձեռքբերումների և նորարարական մոտեցումների համար. «Մեր թիմը մի քանի ամիս շարունակ բանկերի շրջանում իրականացնում էր հետազոտություններ` կարևորելով արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության և հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը: Ամերիաբանկը Հայաստանում տարվա լավագույն բանկ անվանակարգի ակնհայտ հաղթողն է ուսումնասիրվող ժամանակահատվածում գրանցած կայուն աճի, ծառայությունների թվայնացման ոլորտում կատարված էական քայլերի և իր հաճախորդների համար բանկային նոր ու ժամանակակից գործիքներ ներդնելու շնորհիվ»:
Ըստ ամսագրի` ընթացիկ տարում Ամերիաբանկն էական ներդրում է ունեցել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու գործում: Առանձնակի կարևորվել է Բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է ընձեռում վարկի օնլայն հայտ ներկայացնել և ստանալ պատասխանը հաշված րոպեների ընթացքում` ի շնորհիվ ներդրված սքորինգային համակարգի: «The Banker» ամսագրի կողմից նշվել է նաև, որ Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման առցանց հարթակները նույնպես նորարարական լուծումներ են, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանը, և հնարավորություններ են ստեղծում` իրագործելու բիզնես նպատակներն արդյունավետ կերպով:
Նշենք, որ «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենահեղինակավոր չափանիշն է աշխարհում: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր:
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կարող եք դիտել այստեղ: