en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
12Հկտ

Ըստ Global Finance ամսագրի, Ամերիաբանկը Հայաստանի ամենահուսալի բանկն է

Ըստ Global Finance ամսագրի կողմից հրապարակված` աշխարհի ամենահուսալի բանկերի 30-րդ ամենամյա ցանկի, Ամերիաբանկը 2021թ. Հայաստանի ամենահուսալի բանկն է: Ցանկում ներառվում են առանձնակի կայունությամբ և ճկունությամբ աչքի ընկնող կազմակերպությունները:

«Նախորդ տարվա իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, քանի որ այն կանգուն մնաց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում և ապահովեց խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը, ինչպես նաև, շատ դեպքերում, տրամադրեց պահանջվող սարքավորումները և այլ պարագաներ», - նշում է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: Դրանք այժմ նույնպես շարունակում են տրամադրել տեղական իշխանություններին և համայնքներին անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի վերջիններս կարողանան վերականգնվել համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումներից:»

«Ներկայիս դժվարին ժամանակներում նման հեղինակավոր մրցանակ ստանալը մեծ պատիվ է մեզ համար», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Հանդիսանալով Հայաստանի ամենախոշոր ֆինանսական կազմակերպությունը, մենք հսկայական պատասխանատվություն էինք զգում համավարակի ընթացքում, շատ արագ արձագանքելով և օգնելով անհատներին, ձեռնարկություններին և համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման և իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու և կառավարելու ունակության հետ մեկտեղ, օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլև էլ ավելի հզոր դառնալ:»

Արդեն 30 տարի է, ինչ Global Finance ամսագրի կողմից հրապարակվող` աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվում են հատուկ մշակված մեթոդաբանության հիման վրա, որը ներառում է Մուդիզ, Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ վարկանիշային գործակալությունների կողմից տրված` երկարաժամկետ արտարժութային վարկանիշները:


Global Finance-ի մասին
Global Finance-ը հիմնադրվել է 1987թ.: Այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում է 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակն ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգ ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքում՝ GFMag.com, հրապարակվում են վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում ունեցած 34 տարիների փորձի վրա: Global Finance ամսագրի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance-ը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում պարբերաբար ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: