13Հկտ
S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն որպես «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն որպես «դրական» նախկին «կայունի» փոխարեն, և վերահաստատել է բանկին շնորհած «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
Ամերիաբանկի վարկանիշի վերանայմանը նախորդել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի շնորհումը. S&P գործակալությունը Հայաստանին շնորհել է «B+» երկարաժամկետ սուվերեն վարկանիշը, դրական հեռանկարով: Սա S&P գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությանը շնորհած առաջին սուվերեն վարկանիշն է:
Ամերիաբանկի սեփական վարկունակության (SACP) «bb-» ցուցանիշը մեկ նիշով բարձր է երկարաժամկետ «B+» վարկանիշից, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկունակությամբ:
Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը «կայունից» «դրականի» պայմանավորված է 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսական ոլորտի զգալի կայունացմամբ: S&P-ն բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ-ի կանխատեսումը. 2021թ. համար կանխատեսվող աճը կազմում է 6.3%, իսկ 2022-2023թթ.` միջինում 4.3%:
S&P-ի կարծիքով, Հայաստանում մակրոտնտեսական և հարկաբյուջետային միջավայրի կայունացումը պետք է նվազեցնի Հայաստանի բանկային համակարգում առկա ռիսկերը և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի Ամերիաբանկի գործունեության և ֆինանսական դիրքի համար` նպաստելով նոր բիզնես ուղղությունների ընդլայնմանը և ակտիվների որակի բարձրացմանը:
S&P-ի կարծիքով, Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` մակրոտնտեսական աճի հեռանկարների, տեղական շուկայում բանկի ճանաչելիության, պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմի, թվայնացման առաջատար ռազմավարության և պատշաճ կորպորատիվ կառավարման շնորհիվ:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքների համաձայն` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր բանկն է, որի հիմնական միջոցները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: