23Մյս
Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին
Global Finance ամսագիրը հայտարարել է արդեն երկրորդ անգամ կայուն ֆինանսավորման ոլորտում անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է նշված մրցանակին:
Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային և տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով առավել կայուն ապագայի ստեղծմանը:
Հաղթողներն ընտրվում են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից` ստացված հայտերի և իրականացված անկախ հետազոտության արդյունքների հիման վրա: Գնահատման չափանիշները ներառում են կառավարման քաղաքականություններն ու նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված զգալի ձեռքբերումները:
«Համաճարակը և էներգետիկ ոլորտի խափանումները բարձրացրել են կլիմայի փոփոխության ռիսկերի մասին իրազեկվածությունը, իսկ տեխնոլոգիական նորարարությունները վնասը նվազեցնելու և կայուն ապագա կառուցելու համար նոր հնարավորություններ են ընձեռում և նոր լուծումներ են առաջարկում: Global Finance ամսագրի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում շնորհվող մրցանակների միջոցով գնահատական է տրվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք աչքի են ընկնում նշված ոլորտում պահանջվող բոլոր նախաձեռնությունների բավարար ֆինանսավորմանն ուղղված ջանքերով և նշված երկարաժամկետ խնդիրների լուծման ստեղծարար առաջարկներով», - նշել է Global Finance ամսագրի գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:
«Ամերիաբանկի հեռանկարային ռազմավարության հիմքում կայուն զարգացման սկզբունքն է: Մենք շարունակաբար նոր հնարավորություններ ենք փնտրում և ներգրավում ենք միջազգային գործընկերների` կայուն ֆինանսավորման մեր պորտֆելն ընդլայնելու համար: Կայուն ֆինանսավորման ոլորտում մենք առաջնորդվում ենք գլոբալ բնապահպանական խնդիրներով և կլիմայի փոփոխության ռիսկերով: Մենք պատասխանատու ենք նշված խնդիրների լուծման գործընթացքում մեր լուման ներդնելու համար: Global Finance ամսագրի կողմից շնորհված մրցանակը շատ մոտիվացնող է: Այն մեզ պարտավորեցնում է առավել շատ ջանքեր գործադրել պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի կայուն ապագան կերտելու ուղղությամբ», - ընդգծել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Global Finance-ի մասին
Global Finance-ի մասին: Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50000 տպաքանակ և ընթերցողներ 193 երկրում: Global Finance-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: Global Finance-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար: