09Հկտ
Ամերիաբանկը և Հոլանդական զարգացման բանկն աննախադեպ գործարք են կնքում՝ ստորագրելով փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր
Ամերիաբանկը և FMO-ն (Հոլանդական զարգացման բանկը) կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր:
Այս գործարքի շնորհիվ FMO-ին հնարավորություն է ընձեռվում միջոցներ տրամադրելով առաջատար հայկական բանկին՝ աջակցել բանկի պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմին և ամրապնդել երկարաժամկետ համագործակցության հիմքերը բանկի զարգացման հաջորդ փուլում: Կապիտալի փոխարկվող այս երկարաժամկետ փոխառությունը կարող է էապես խթանել բանկի զարգացումը՝ նպաստելով վարկային պորտֆելի հետագա աճին և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նախադրյալներ ստեղծելով բանկի համար:
Բարձր գնահատելով Ամերիաբանկի բացառիկ բաժնետիրական կառուցվածքը, կորպորատիվ կառավարման մակարդակը, շարունակաբար աճող ֆինանսական ցուցանիշները և կարևորելով գործընկերությունը Ամերիաբանկի հետ՝ FMO-ն մտադիր է սատար կանգնել բանկին առաջիկա ռազմավարական նպատակների իրագործման ուղու վրա:
Ս. թ. հոկտեմբերի 9-ին կայացած՝ պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք շատ ուրախ ենք արժանանալ FMO-ի վստահությանը և հուսով ենք, որ մեր սերտ համագործակցությունը կշարունակվի տարիներ ի վեր, և մեր համատեղ գործունեությունը երկուստեք շահավետ կլինեն»:
FMO-ի և Ամերիաբանկի համագործակցությունն սկսվել է դեռ 2009թ., երբ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի հաջող ներդրման շնորհիվ Ամերիաբանկն առաջին անգամ ստացել է տոկոսադրույքի իջեցում FMO-ից: Ամերիաբանկն FMO-ին հանդես է եկել հասարակ և փոխարկելի ստորադաս վարկերի համակցության միջոցով բանկի կապիտալը համալրելու առաջարկով, ինչը հնարավորություն կտա ընկերությանը հետագայում դառնալ բանկի բաժնետեր և սատարել Ամերիաբանկին՝ իր արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխում կազմակերպելու ձգտումներում: Այս գործարքը վկայում է երկու հաստատությունների միջև ավելի սերտ համագործակցության նոր փուլի մասին: