20Հնվ
ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում Ամերիաբանկում, իսկ ՄՖԿ-ն տրամադրում 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով: Ամերիաբանկը Հայաստանում առաջատար մասնավոր բանկերից մեկն է: Այս գործարքը հանդիսանում է բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարքը, որը ՎԶԵԲ-ը մինչ օրս կնքել է այս տարածաշրջանում: Առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը 30 մլն ԱՄՆ դոլարով, իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար: Ներդրումների նպատակն է ամրապնդել Ամերիաբանկի դիրքը և նախապատրաստել բանկը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմանը (IPO): 2016թ. Ամերիաբանկի տնօրենների խորհրդին նաև կմիանա ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը որպես անկախ տնօրեն:
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկը հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ ՄՖԿ-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման բարձր որակը ու աճի արագընթաց տեմպերը՝ ՄՖԿ-ի կողմից տրամադրված ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմանը (IPO):
ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի` Ամերիաբանկում ներդրում կատարելու որոշումը վկայում է այն վառ հեռանկարների մասին, որ նրանք տեսնում են Ամերիաբանկի համար՝ ճանաչելով կարևոր ներդրումը, որը բանկն ունի երկրի տնտեսության, բանկային հատվածի և հասարակության զարգացման գործընթացում: Ամերիաբանկը տարիներ շարունակ կայուն աճ է գրանցել: Բանկի ընդհանուր կապիտալը ներկայումս կազմում է շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ակտիվները 2015թ. վերջին հատել են 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը, որը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ֆինանսական ոլորտի համար: Սա նոր հնարավորություններ կընձեռի հետագա վարկավորման, ինչպես նաև տեղական շուկայում միաձուլումների և ձեռքբերումների հնարավոր գործարքներին մասնակցելու համար:
ՎԶԵԲ-ի՝ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաներան ասաց. «Մենք ուրախ ենք Ամերիաբանկի բաժնետեր դառնալու առիթով և դիտում ենք այս հնարավորությունը որպես ևս մեկ քայլ տեղական բանկային հատվածի ամրապնդման ուղղությամբ: Ֆինանսավորման հասանելիության բարելավումը կարևորագույն գործոն է, որը հնարավորություն կընձեռի տեղական ընկերություններին օգտագործել իրենց ներուժը: Որպես բաժնետեր՝ ՎԶԵԲ-ը կաջակցի Ամերիաբանկի զարգացմանը՝ շեշտը դնելով մասնավորապես կորպորատիվ կառավարման վրա»:
«Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության այս նոր մակարդակը: Սա մեծ աջակցություն է Ամերիաբանկին կապիտալի համաշխարհային շուկաների ուղղությամբ շարժվելու առումով՝ մեր ռազմավարական նպատակներին և ձգտումներին համահունչ: Ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը բազում նոր հնարավորություններ կստեղծի մեր կազմակերպությունների և Հայաստանի բանկային հատվածի համար», - ասաց «Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:
ՄՖԿ-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման ասաց. «Կապիտալ տրամադրելով Հայաստանում մեր հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ մենք սատար ենք կանգնում նրա զարգացման ռազմավարության և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի ամրապնդմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որը վճռորոշ նշանակություն ունի ընդհանուր տնտեսական զարգացման համար»:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն ավելացրեց. «Մեզ համար մեծ պատիվ է վայելել ՄՖԿ-ի վստահությունը: Այս գործարքը որակի բացարձակապես նոր մակարադակ է խորհրդանշում մեր բանկի համար այս շուկայում գործելիս»։