en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
27Նյմ

Ամերիաբանկը և FMO-ն կնքեցին 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) կնքեցին 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի շրջանակներում ստացվող միջոցներն ուղղվելու են երիտասարդ ձեռներեցների փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորմանը: 

«Մենք բարձր ենք գնահատում մեր հին գործընկերոջ հետ հարաբերությունները, որոնք սկսվել են դեռևս 2009թ.: Այժմ ուրախությամբ հայտնում ենք նոր վարկային պայմանագրի կնքման մասին, որն ազդարարում է փոխշահավետ համագործակցության նոր փուլի մեկնարկը: ՓՄՁ-ների և մանրածախ բիզնեսի զարգացումն Ամերիաբանկի առաջնահերթ ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք երիտասարդ ձեռներեցների և մանրածախ բիզնեսի մեջ մեծ ներուժ ենք տեսնում, ուստի վստահ եղեք, որ այս նոր վարկային միջոցները բարեհաջող կտեղաբաշխվեն», – նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ս. թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո:   

FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը նշեց. «FMO-ն հպարտ է շարունակել իր սերտ և արդյունավետ փոխգործակցությունն Ամերիաբանկի հետ՝ աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս նոր ֆինանսավորումը կնպաստի Ամերիաբանկի շարունակական աճին և երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը»:

Նոր վարկային միջոցների շնորհիվ Ամերիաբանկը կմեծացնի ՓՄՁ-ների վարկավորման ծավալը՝ նպաստելով նրանց զարգացմանը և ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը: 

Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Որպես առաջատար ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում կայուն մասնավոր հատվածի աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր և բիզնեսներ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է սոցիալական և տնտեսական զարգացմանը՝ արդեն ավելի քան 45 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը և բարելավել կյանքի որակը: Մասնավորապես, FMO-ն շեշտում է երեք ոլորտ, որոնք մեծ կշիռ ունեն տնտեսության զարգացման տեսանկյունից՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և գյուղատնտեսություն/սննդի արդյունաբերություն: Ավելի քան 92 երկրներում 9 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն այսօրվա դրությամբ զարգացման խոշորագույն երկկողմանի բանկերից մեկն է աշխարհում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fmo.nl: