en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
24Փտվ

Ամերիաբանկը 11.5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավում Սիմբիոտիքսից

Ամերիաբանկը և «Սիմբիոտիքս» կազմակերպությունը կնքում են 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր Սիմբիոտիքսի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար նախատեսված պարտատոմսերի ծրագրի շրջանակներում՝ հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով: Վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: 
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել ի դեմս Սիմբիոտիքսի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»: 
Սիմբիոտիքսի ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերն ասաց. «Մենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմքը դնել այնպիսի հեղինակավոր և նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է: Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակներում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»:


Սիմբիոտիքսի մասին

«Սիմբիոտիքս» ներդրումային կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ. Ժնևում: Մասնագիտանում է զարգացող երկրների և կայուն զարգացման ֆինանսավորման, ինչպես նաև ներառական ֆինանսավորում տրամադրելու մեջ: Ընկերությունը նաև տրամադրում է շուկայի ուսումնասիրության, ներդրումային խորհրդատվության և ակտիվների կառավարման ծառայություններ: Որպես կոլեկտիվ ներդրումային սխեմաների շրջանակներում ակտիվների կառավարիչ՝ ենթարկվում է Շվեյցարիայի ֆինանսական շուկաները կարգավորող մարմնի կանոնակարգերին և ունի FCA (Financial Conduct Authority, Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկաները կարգավորող մարմինը) լիցենզիա: Սիմբիոտիքսն ունի ավելի քան 130 արհեստավարժ մասնագետից բաղկացած անձնակազմ և գրասենյակներ Լոնդոնում, Ամստերդամում, Ցյուրիխում, Քեյփթաունում, Մեխիկոյում և Սինգապուրում: Գլխամասը տեղակայված է Ժնևում: Իր հիմնադրման օրից ի վեր Սիմբիոտիքսն ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել միկրոֆինանսավորում տրամադրող շուրջ 375 կազմակերպությունում 68 զարգացող երկրում՝ համագործակցելով 44 ներդրումային հիմնադրամների և բազում ինստիտուցիոնալ ներդրողների հետ: