en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
07Հնս

Ամերիաբանկի հերթական կարևոր գործարքն առևտրի ֆինանսավորման ոլորտում` ՄՖԿ-ի հետ համագործակցությամբ

Ամերիաբանկը հաջողությամբ կնքեց հերթական գործարքն առևտրի ֆինանսավորման (ԱՖ) ոլորտում` համագործակցելով իր վաղեմի գործընկեր` Համաշխարհային բանկի խմբի անդամ, ՄՖԿ-ի հետ: Գործարքը միտված է օգնելու ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ընկերությանը` ընդլայնելու վերջինիս արտահանման ծավալները և նոր աշխատատեղեր ստեղծելու Հայաստանի գյուղական վայրերում:

Ամերիաբանկի միջնաժամկետ ԱՖ գործիքը, որն ապահովվում է ՄՖԿ-ի կողմից Սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (ԱՖՀԾ*) ենթածրագիր) ներքո տրամադրված պահուստային ակրեդիտիվով, կնպաստի Գրին Ֆուդ ՍՊԸ-ի հետագա աճի ֆինանսավորմանը: Գործարքի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերելու և ներմուծելու է ջերմոցային էներգաարդյունավետ սարքավորումներ, որոնք կեռապատկեն ընկերության ներկայիս արտադրական հզորությունը և հնարավորություն կտան նրան` մեկնարկելու ազնվամորու արտադրությունը:
ՄՖԿ-ի Ֆինանսական հաստատությունների խմբի Առևտրի և ապրանքների վարչության ավագ ղեկավար Հյուն Անը նշել է. «Սա վառ օրինակ է, որի միջոցով կարող ենք տեսնել, թե ինչպես են առևտրի ոլորտին վերաբերող մեր նորարարական լուծումները և Հայաստանում գործող Ամերիաբանկի հետ գործընկերությունը նոր հնարավորություններ ստեղծում և օգնում հաղթահարելու զարգացման հետ կապված մի շարք մարտահրավերներ, այդ թվում աջակցություն արտահանմանը, կանանց համար աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործում»:
Գործարքը միաժամանակ մի քանի ձեռքբերում է ապահովում. Շիրակի մարզում ընկերության գործունեության շնորհիվ, գյուղական համայնքներում ներառական տնտեսական աճի խթանում, աջակցություն ընկերությանը, որի աշխատակազմի 83 տոկոսը կանայք են, ինչպես նաև Հայաստանի արտահանման կառուցվածքի  դիվերսիֆիկացում ելակի և ազնվամորու արտահանման միջոցով: Բացի այդ, գործարքը ներդնում է ժամանակակից ագրո-տեխնոլոգիաները, քանի որ գործարքի արդյունքում հայտնի ֆրանսիական Richel ընկերությունից նոր սարքավորումներ են գնվելու, որոնք նվազեցնում են ածխածնի մոնօքսիդի արտանետումը` ջերմոցներում CO2 օգտագործելու շնորհիվ, և նոր հնարավորություններ է ստեղծում ագրոարդյունաբերության ոլորտում:


Գրին Ֆուդ ՍՊԸ-ի մասին 
Գրին Ֆուդ ՍՊԸ-ն 2015թ. հիմնադրված ջերմոցային ընկերություն է, որը Հայաստանի Շիրակի մարզում ելակ և ազնվամորի է արտադրում: Ընկերությունն արտահանում է իր գյուղատնտեսական արտադրանքի 90 տոկոսը:  

ԱՖՀԾ-ի մասին 
2005թ. մեկնարկած Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 5 միլիարդ ԱՄՆ դոլար է, ապահովում է ռիսկերի նվազեցում` երաշխավորելով ծրագրով սահմանված պայմաններին համապատասխանող թվով 285-ից ավելի ֆինանսական հաստատությունների վճարային պարտավորություններն առևտրի ոլորտում:
2014թ. ՄՖԿ-ն գործարկեց 500 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով Սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման համաշխարհային միջնաժամկետ ծրագիրը, որի շրջանակներում մինչև հինգ տարի ժամկետով գործող երաշխիքներ են տրամադրվում ընտրված գործընկերներին` սարքավորումների և արտադրամիջոցների ներմուծմանն աջակցելու նպատակով, հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայի փոփոխություններին: 
ՄՖԿ-ի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար, կարող եք այցելել www.ifc.org կայքը: