17Հլս
responsAbility ընկերությունն իրականացնում է 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարք` ներգրավելով Ամերիաբանկին որպես ֆինանսական միջնորդ Հայաստանում
Երևան, 18 հուլիսի, 2019 — շվեյցարական responsAbility Investments AG ընկերությունն իրականացնում է 175 մլն ԱՄՆ դոլարի վարկային ֆինանսավորմամբ ապահովված արժեթղթերի թողարկման գործարք` ուղղված զարգացող երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ֆինանսավորման այս ձևը, միավորելով տարբեր ակտիվները մեկ ֆոնդում, ներդրողներին (արժեթղթեր ձեռք բերողներին) առաջարկում է եկամտաբեր և միաժամանակ ավանդական պարտքային և բաժնային ներդրումներից քիչ կախված, ընդհանուր տնտեսական զարգացմանը նպաստող ֆինանսական գործիք:
Որպես արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպիչ հանդես է գալիս JP Morgan ընկերությունը, իսկ հիմնական ներդրողներից մեկն է ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան, որը տրամադրել է գործարքում ներգրավված մասնավոր ինստիտուցիոնալ ներդրումները մոբիլիզացնելու համար անհրաժեշտ օժանդակ կապիտալը:
«Այս գործարքը վկայում է, որ զարգացող երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումն արագ զարգանում է և արդեն հասել է այն մակարդակին, երբ կարող է օգտվել կապիտալի հիմնական շուկաների ֆինանսավորման հնարավորություններից», – նշեց responsAbility ընկերության ֆինանսական հաստատությունների վարկավորման բաժնի համաղեկավար Թոմաս Մյուլերը:
«Մենք շատ ուրախ ենք, որ այս գործարքի միջոցով միանում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ֆինանսավորող բարձրակարգ կազմակերպությունների միջազգային թիմին: Մեզ համար պատիվ է մասնակցել կապիտալի համաշխարհային շուկաների մակարդակում իրականացվող այս նորարարական գործարքին, որում ներգրավված են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են responsAbility-ն, JP Morgan-ը և որպես ներդրող` ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան և այլ բարձրակարգ ներդրողներ», – նշեց Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Թառումյանը:
responsAbility Investments ընկերության մասին
responsAbility-ն զարգացող երկրներում ներդրումային ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է` 3 մլրդ ԱՄՆ դոլարի պորտֆելով: Ընկերությունը զանազան ներդրումային գործիքների միջոցով մասնավոր պարտքային և բաժնային ֆինանսավորում է տրամադրում 90 երկրներում գործող` ներառական բիզնես-մոդելներ ունեցող շուրջ 540 կազմակերպությունների: Հիմնադրվել է 2003 թ., գլխամասը գտնվում է Ցյուրիխում, տարածաշրջանային գրասենյակները` Բանգկոկում, Ժնևում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայիում, Նայրոբիում, Օսլոյում ու Փարիզում: