26Նյմ
Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց իր կանաչ պարտատոմսերի առաջին թողարկումը
Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):
Հայկական առաջին կանաչ պարտատոմսերը թողարկվել են Ամերիաբանկի վաղեմի գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկ FMO-ի հետ համատեղ, որը նաև պարտատոմսերի հիմնական ներդրողն է: Կայուն զարգացման թեմայով հետազոտությունների և վերլուծությունների ոլորտում համաշխարհային առաջատար Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը ԿՊՍ-ին և համաշխարհային շուկայի չափանիշներին: Հայեցակարգի մշակման և Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` Ամերիաբանկի գործունեությանը համապատասխանեցման գործում որպես արտաքին խորհրդատու հանդես է եկել Ernst & Young ընկերությունը:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեծ ուրախությամբ ենք ազդարարում Ամերիաբանկի` Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի բարեհաջող թողարկման և տեղաբաշխման մասին: Դրանց միջոցով ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում` էական դեր խաղալու էկոլոգիական կայունությանը նպաստող կանաչ ծրագրերի ֆինանսավորման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել FMO-ի մեր գործընկերներին աջակցության այս շրջադարձային գործարքի հիմնական ներդրողը հանդիսանալու համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել Ամերիաբանկի անձնակազմին այս ձեռքբերման առթիվ»:
FMO-ի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց. «Այսօր մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք մեր ամուր և հաջող համագործակցության ճանապարհին: Տարիների ընթացքում FMO-ն և Ամերիաբանկը բազում ծրագրեր են իրականացրել միասին, ներառյալ` ստորադաս փոխառության տրամադրում, առաջնային ֆինանսավորման մի շարք հնարավորություններ, ինչպես նաև միջոցներ` ուղղված երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը: 2019թ. մենք որոշեցինք միասին նախաձեռնել կանաչ ֆինանսավորման ծրագիր, որի արդյունքում այսօր արդեն ձեզ ենք ներկայացնում Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերը: Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը` սատարելու Ամերիաբանկին իր «կանաչ» ռազմավարության հետագա զարգացման գործում, որը կօգնի հասնել երկրի առաջատար «կանաչ» բանկը լինելու իր հավակնություններին:
FMO-ի մասին
FMO-ն Նիդերլանդների ձեռներեցության զարգացման բանկն է: Ներդրումներ կատարելով ավելի քան 80 երկրում՝ FMO-ն նպաստում է աշխատատեղերի և եկամտի ստեղծմանը՝ բարելավելու համար մարդկանց կյանքն աշխարհի այն մասերում, որտեղ սա կարող է ամենամեծ փոփոխությունը բերել: FMO-ի դերը ֆինանսավորմամբ չի սահմանափակվում, քանի որ այն օգնում է բիզնեսին ապահովել թափանցիկություն աշխատանքում և աճել էկոլոգիապես և սոցիալապես պատասխանատու ձևով:
FMO-ի գործընկերները սպասարկում են միլիոնավոր հաճախորդների, ուստի նրանց կողմից լավագույն փորձի ներդնումը մեծ դրական ազդեցություն կունենա տվյալ երկրի զարգացման վրա: Այսպիսով, ստեղծվում են աշխատատեղեր, մարդկանց համար եկամուտ է ապահովվում, հարկեր են գոյանում` նպաստելով առողջ մասնավոր հատվածի կայացմանը: Սա հնարավոր է դարձնում կառուցելու մի տնտեսություն, որն այսօր մարդկանց համար հնարավորություններ է ստեղծում՝ առանց վտանգելու ապագա սերունդների հնարավորությունները: FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl: