en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
29Մրտ

Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում 2024թ.՝ ըստ Global Finance ամսագրի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի առնելով ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Ըստ Global Finance-ի, մրցանակակիր բանկերն աչքի են ընկել բարդ շուկայական պայմաններում իրենց հաճախորդների կարիքներին հոգատարությամբ արձագանքելու և լավ արդյունքներ արձանագրելու կարողությամբ։ Ըստ պարբերականի, արագ փոփոխվող տոկոսադրույքների պայմաններում հաղթող կազմակերպությունները կարողացել են խելամտորեն կառավարել իրենց ակտիվներն ու պարտավորությունները:

«Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք մշտապես փոփոխվող պայմաններում առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաև ապահովում են երկարաժամկետ հուսալիություն ու տեխնոլոգիական նորարարություն»:

«Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն բանկը։ Այս ձեռքբերումը վկայում է մեր թիմի՝ բիզնեսի բոլոր ուղղություններով գերազանց արդյունքներ ապահովելու հանձնառության մասին։ Այն նաև ընդգծում է տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերը, որոնք մեզ թույլ են տալիս արագորեն հարմարվել փոփոխվող միջավայրին և, ամենակարևորը, արձագանքել մեր հաճախորդների ընդլայնվող կարիքներին: Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։ «Լավագույն բանկ» մրցանակը նոր խթան կհանդիսանա հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանցության հասնելու ճանապարհին», - նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշենք, որ «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ և չորրորդ տարին անընդմեջ։