20Փտվ
Ամերիաբանկը նախատեսում է միանալ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված BOGG ֆինանսական խմբին
Ամերիաբանկի և Bank of Georgia Group PLC-ի (այսուհետ` «ԲիՕՋիՋի» կամ «Խումբ») միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի վերջինս նախատեսում է գնել Ամերիաբանկի 100% բաժնետոմսերը («Գործարք»): Գործարքի պայմանների համաձայն՝ բաժնետոմսերի 90%-ը ձեռք կբերվի անմիջապես, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը («ՎԶԵԲ») կպահպանի Ամերիաբանկում իր 10% բաժնեմասը:
Լոնդոնում գործող ԲիՕՋիՋի միջազգային ֆինանսական խումբը, որը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի Պրեմիում հարթակում և ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում, պատրաստվում է ընդլայնել իր աշխարհագրությունը և նպատակ ունի մուտք գործել հայկական շուկա Հայաստանի բանկային համակարգի առաջատարը հանդիսացող Ամերիաբանկի միջոցով: Գործարքի ավարտից հետո, երբ Ամերիաբանկը միանա ԲիՕՋիՋի-ին, նախատեսվում է իրականացնել ԲիՕՋիՋի-ի վերաբրենդավորում՝ նշանավորելով զարգացման նոր ուղու սկիզբը։
Գործարքը դեռևս ենթակա է հաստատման բաժնետերերի, ինչպես նաև կարգավորող մարմինների, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Բոլոր փուլերի բարեհաջող ավարտի դեպքում Ամերիաբանկը Խմբում կգործի որպես առանձին ընկերություն՝ պահպանելով իր ապրանքանիշը և կորպորատիվ ինքնությունը:
«Bank of Georgia Group PLC»-ի մասին
«Bank of Georgia Group PLC»-ն («Խումբ») Միացյալ Թագավորությունում գրանցված ընկերություն է, որը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայի Պրեմիում հարթակում և ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում։ Խումբն ունի բաժնետերի դիվերսիֆիկացված կազմ և ընդգրկում է ինստիտուցիոնալ ներդրողների: Խումբը տրամադրում է նորարարական և թվային բանկինգի և ֆինանսական լուծումներ մանրածախ, ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին «Bank of Georgia» ԲԲԸ-ի հիմնական գործառնությունների միջոցով։ Վերջինս հանդիսանում է Վրաստանում գործող առաջատար ունիվերսալ բանկ, որն առաջարկում է լավագույն թվային լուծումները: Շնորհիվ իր տեխնոլոգիական և վերլուծական հնարավորությունների, հաճախորդակենտրոն մոտեցման, փորձառու և մոտիվացված անձնակազմի, ինչպես նաև տեղական շուկայում ապրանքանիշի գերազանց ճանաչման՝ Խումբը հետևողականորեն ապահովում է կայուն աճ և բարձր շահութաբերություն։