en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
07Դկտ

Ամերիաբանկը ճանաչվել է 2015թ. լավագույն բանկ Հայաստանում The Banker-ի կողմից

Դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ «Financial Times» հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» ճանաչվեց Ամերիաբանկը:

«The Banker»-ի մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն 16-րդ տարին անընդմեջ, հանդիսանում է բանկային գործունեության զարգացման ամենաբարձր գնահատականն աշխարհում:

Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով. դրանց թվում են նաև բանկի կողմից առաջարկվող նորարարական «խելացի» լուծումները, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային խոշոր կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը` վերջինիս հետ կնքելով փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում:

«Մեզ համար մեծ պատիվ է արդեն երրորդ անգամ արժանանալ Հայաստանի լավագույն բանկ կոչմանը The Banker ամսագրի կողմից: Ուրախ ենք նշել, որ Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը Հայաստանի բանկային համակարգում: Մեր հաջողության հիմնական գրավականն է Բանկի` հաճախորդին միտված ծառայությունների բարձր որակը, արհեստավարժ անձնակազմը, շարունակական նորարարությունները, բալանսավորված ռիսկերի կառավարումը: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների՝ ժամանակով փորձված վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը՝ ուղղված 2016թ.-ին հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար որակապես նոր հնարավորությունների ստեղծմանը: Դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»,  նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: