en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
03Ապր

Ամերիաբանկը «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում

«Global Finance» ամսագրի կողմից անցկացվող` աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը: Վերջին տասնամյակում ութերորդ անգամ այս մրցանակին արժանանալը մեծ պատիվ է Ամերիաբանկի համար: Ընդամենը մեկ ամիս առաջ նույն պարբերականի կողմից Ամերիաբանկը ճանաչվել էր նաև Հայաստանի լավագույն ներդրումային բանկը:

Ընտրությունը կատարվել է` հիմք ընդունելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն  ու նորարարական պրոդուկտները։ «Global Finance» ամսագրի խմբագիրները կատարել են ընտրությունը` հաշվի առնելով կորպորատիվ ֆինանսների գծով առաջնորդների, բանկային ոլորտի խորհրդատուների, վերլուծաբանների և այլ մասնագետների հետ ընդլայնված խորհրդակցությունների արդյունքները:

Global Finance-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն նշել է, որ ֆինանսական աշխարհում ընթացիկ իրարանցման պայմաններում կորպորատիվ ֆինանսների գծով առաջնորդները բանկային հարաբերությունների ընտրության հարցում բախվել են նոր մարտահրավերների։  «Մեր մրցանակները օգնում են որոշում կայացնողներին ընտրելու լավագույն ֆինանսական գործընկերներին», - ասել է նա։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. “Անչափ ուրախ ենք  «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ Հայաստանի լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ։ Սա մեր ֆինանսական հզորության օբյեկտիվ և բարձր գնահատվող ճանաչումն է, ինչն արտացոլված է վերջին մի քանի տարիներին ֆինանսական շուկայում մեր ունեցած առաջատար դիրքերում։ Առավել լայն համատեքստում, սա արտաքին մարտահրավերներին դիմակայելու և շուկայի պահանջների շարունակական փոփոխություններին արձագանքելու մեր կարողության վկայությունն է։ Դա նաև ապացուցում է, որ Բանկն իր զարգացման ճիշտ ուղու վրա է,  և մղում է  բոլորիս դեպի շարունակական առաջընթաց` ի շահ մարդկանց ում ծառայություն  ենք մատուցում և որոնց հետ աշխատում ենք»։ 

 

Global Finance

Global Finance-ը հիմնադրվել է 1987թ.: Այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում է 193 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակն ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգ ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքում՝ GFMag.com, հրապարակվում են վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում ունեցած 35 տարիների փորձի վրա: Global Finance ամսագրի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance-ը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում պարբերաբար ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: