en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
03Հլս

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի չորս մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում

Ամերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի` բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման չորս մրցանակի Լոնդոնում կայացած` կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում «Հայաստանում կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» անվանակարգում, իսկ այս տարի նաև արժանացել է մրցանակի տարածաշրջանային երեք անվանակարգում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կայունությանն ուղղված նախաձեռնություններում ակնառու առաջնորդության համար: Մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

  • 2023թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
     

Global Finance-ի կայուն ֆինանսավորման մրցանակները կոչված են գնահատել համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակով կազմակերպությունների ջանքերը` ֆինանսավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են` մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և նպաստելու մարդկության համար ավելի կայուն ապագա ստեղծելուն: Հաղթողներն ու մրցանակակիրներն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ներառյալ կառավարման քաղաքականությունը և նպատակները, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կայունությանն ուղղված ֆինանսավորման ոլորտում չափելի ձեռքբերումները:

«Վերջին մի քանի տարում էներգիայի գներն աշխարհում ենթարկվել են զգալի տատանումների համավարակի ու տարածաշրջանային հակամարտությունների պատճառով: Եվ այդուհանդերձ, կայունությանն ուղղված ֆինանսական պարտավորությունները մնացել են անփոփոխ: Իր կայուն ֆինանսավորման մրցանակներով Global Finance-ն ըստ արժանվույն գնահատում է այն բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք 2022թ. ընթացքում հետևողականորեն հանդես են եկել կայուն զարգացմանն ուղղված առաջարկներով, շարունակել և զարգացրել ֆինանսավորումն այս ոլորտում», – նշեց Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Այս մրցանակները վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը խթանելուն ուղղված մեր հետևողական ջանքերի ու նշանակալի առաջընթացի մասին` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա հիմնված մեր կայունության ռազմավարության համաձայն: Մենք հավատարիմ ենք մեր գործունեության մեջ պատասխանատու գործելաոճ և նորարարական ֆինանսական գործիքներ ներդնելու մեր սկզբունքներին՝ կայուն զարգացում ապահովելու և երկարաժամկետ արժեք ստեղծելու համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Global Finance-ին` մեր այս ձգտումների շարունակական գնահատման համար», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։     

Նշենք, որ 2023թ. Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է Global Finance ամսագրի 2 մրցանակի` «Հայաստանի լավագույն բանկ 2023» և «Հայաստանի լավագույն ներդրումային բանկ 2023»:

 

Global Finance-ի մասին

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ. և ունի 50,000 ընթերցող 192 երկրում, տարածքում և շրջանում: Global Finance-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգ ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումներ կայացնելու համար: Ամսագրի կայքը – GFMag.com-ը – առաջարկում է վերլուծություններ և հոդվածներ, որոնք միջազգային ֆինանսական շուկաներում 36 տարվա փորձի ժառանգությունն են: Global Finance-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` ամբողջ աշխարհում: Իր մրցանակաբաշխությունների ժամանակ Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ համաշխարհային ֆինանսական հանրության համար: