26Նյմ
Ամերիաբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր FMO-ի և OeEB-ի հետ
Ամերիաբանկը 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ: Երկարաժամկետ վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ծրագրերի ֆինանսավորմանը:
ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման և կայունացման գործում` ապահովելով երկրի ՀՆԱ-ի շուրջ 40%-ը և աշխատատեղերի մեծ մասը: FMO-ի և OeEB-ի կողմից տրամադրված վարկը կնպաստի Հայաստանում բիզնեսի զարգացմանը` բարձրացնելով ֆինանսավորման մատչելիությունը ՓՄՁ-ների համար:
«Մենք շատ ուրախ ենք շարունակել մեզ համար կարևոր համագործակցությունը FMO-ի հետ, որը կազմակերպեց սինդիկացված վարկի տրամադրումը մեր մեկ այլ լավ գործընկեր OeEB-ի հետ համատեղ: Երկարաժամկետ սինդիկացված վարկային պայմանագրի ստորագրումը չափազանց կարևոր գործարք է, որ կօգնի մեզ ամրապնդել մեր դիրքերը ՓՄՁ և վերականգնվող էներգետիկայի վարկավորման շուկայում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը: Մենք շատ ենք կարևորում Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության և Ավստրիական զարգացման բանկի հետ երկարատև հարաբերությունների ձևավորումը և հուսով ենք նորանոր գործարքներ կնքել գալիք տարիներում»,-համա նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: