en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
06Հկտ

Ամերիաբանկն ու FMO-ն կնքել են NASIRA երաշխիքային գործարք. ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի 50 մլն ԱՄՆ դոլար

Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) «NASIRA» ծրագրի շրջանակում 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պորտֆելի երաշխավորման համաձայնագիր է կնքել Ամերիաբանկի հետ։ Համագործակցությունն ուղղված է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) անհրաժեշտ աջակցություն տրամադրելուն՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ ձեռներեցների և կանանց պատկանող ձեռնարկությունների հնարավորությունների ընդլայնմանը:

Համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է  ունեցել Ամստերդամում կայացած «Ֆինանսական ոլորտի ապագան 2023» (Future of Finance 2023) կոնֆերանսի շրջանակում՝ նշանավորելով FMO-ի և Ամերիաբանկի համագործակցության նոր փուլը։ «NASIRA» ծրագրի շրջանակում FMO-ի կողմից Հայաստանում իրականացվող ամենախոշոր այս նախագիծը ներառում է նաև տեխնիկական աջակցության բաղադրիչ, որն ուղղված է Ամերիաբանկի ներքին ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանն ու թիրախային խմբերին առաջարկվող ծառայությունների բարելավմանը:

NASIRA ծրագիրը կիսում է ռիսկերը և ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս ընդլայնելու նրանց կողմից ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը բիզնեսի թերսպասարկվող սեգմենտում, ինչպիսիք են` կանանց և երիտասարդ ձեռներեցներին պատկանող ձեռնարկությունները: Բանկային ավանդական ծառայություններից օգտվելիս այս խմբերը հաճախ դժվարությունների են հանդիպում, քանի որ դիտարկվում են որպես ավելի բարձր ռիսկայնությամբ ձեռնարկություններ: NASIRA-ն առանցքային դեր է կատարում այդ հատվածների ֆինանսավորման բացը լրացնելու գործում՝ կիսելով հնարավոր վարկային կորուստները գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ և այդպիսով նվազեցնելով ֆինանսավորման հետ կապված ընդհանուր ռիսկը:

 FMO-ի ներդրումների գծով համատնօրեն Հուիբ-Յան դը Ռույթերը նշել է. «Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Ամերիաբանկին` ՄՓՄՁ հաճախորդների բազան ընդլայնելու ռազմավարական նպատակի իրականացման գործում: Չնայած երկրում մեծ թվով ՄՓՄՁ-ների առկայությանը` նրանց մասնաբաժինը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 25%-ը, իսկ աշխատատեղերը` մոտ 19%-ը, քանի որ տվյալ ոլորտի համար վարկերի հասանելիությունը սահմանափակ է: NASIRA ծրագրի շրջանակում FMO-ն ուղղակիորեն կիսելու է ՄՓՄՁ-ների վարկային պորտֆելի ռիսկն Ամերիաբանկի հետ՝ դրանով իսկ նպաստելով այդ թերսպասարկվող ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը: Մենք շնորհակալ ենք Ամերիաբանկին իր պատրաստակամության համար՝ մասնակցելու ռիսկերը կիսելու այս նոր և նորարարական ծրագրին»:

«Ուրախ ենք հայտնել FMO-ի հետ մեր համագործակցությունը շարունակելու և Ամերիաբանկում NASIRA ծրագրի մեկնարկի մասին: Այս համագործակցությունը Հայաստանում տնտեսության կայուն աճը խթանելու մեր համատեղ հանձնառության վկայությունն է: Մենք վստահ ենք, որ նորարարական ֆինանսավորումը նպաստելու է տեղական ձեռնարկությունների զարգացմանը: Մեր նպատակն է ֆինանսական աջակցություն և կարևոր գործիքներ տրամադրել, որոնք անհրաժեշտ են տեղական բիզնեսների բարգավաճման համար: Տեխնիկական աջակցության հետ մեկտեղ NASIRA ծրագիրը կբերի դրական փոփոխություններ, կաջակցի թերսպասարկվող ոլորտներին և կհզորացնի Հայաստանում գործող ՓՄՁ-ները: FMO-ի հետ մենք կերտում ենք ավելի պայծառ, ավելի կայուն ապագա», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

2020թ. օգոստոսին մեկնարկած NASIRA ծրագիրը համատեղ ջանքերով ստեղծված նախաձեռնություն է, որին աջակցում են Եվրոպական հանձնաժողովը և Հոլանդիայի կառավարությունը: Մինչ օրս ծրագրի շրջանակներում կնքվել է 17 գործարք Կենտրոնական Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գործող ֆինանսական հաստատությունների հետ` ընդհանուր 371 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Ամերիաբանկի և FMO-ի երկարատև գործընկերության սկիզբը դրվել է դեռևս 2009թ., երբ FMO-ն առաջին անգամ Բանկին տրամադրեց վարկ` Հայաստանում ՓՄՁ-ների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորման նպատակով: Տարիների ընթացքում համագործակցությունը զգալիորեն ընդարձակվել է. ընդհանուր պորտֆելի գումարը գերազանցում է 200 միլիոն ԱՄՆ դոլարը: Այս խոշոր ներդրումային միջոցներն օգտագործվում են փոքր բիզնեսին և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տարբեր նախագծերին աջակցելու համար՝ էապես նպաստելով Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը:

FMO

FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն է: Որպես առաջատար ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում և ընդլայնվող շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին` ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր և բիզնեսներ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը` FMO-ն արդեն ավելի քան 50 տարի ֆինանսավորում է ձեռներեցներին՝ տեղական տնտեսություններն ավելի ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն դարձնելու համար: FMO-ն իր գործունեության համար առանձնացնում է երեք հիմնական ոլորտ, որոնք մեծ ազդեցություն ունեն զարգացման տեսանկյունից` ագրոբիզնես, սննդի արդյունաբերություն/ջրի արտադրություն, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ:  Ունենալով մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆել ավելի քան 85 երկրում` FMO-ն ամբողջ աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խոշորագույն երկկողմ բանկերից մեկն է: