You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն - Ամերիա բլոգ
29Մյս

Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն

 menak champordelu arvesty

Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գոհ են, վաճառքները՝ տպավորիչ, բայց երբ գալիս է աշխատավարձ տալու կամ վարձերը վճարելու պահը, պարզվում է, որ բիզնես հաշվիդ փող չկա։ Սա ֆինանսական պարադո՞քս է։ Ո՛չ, սա ընդամենը Cash Flow-ի (դրամական հոսքերի) անտեսված կանոնների արդյունքն է...

Համաձայն հետազոտությունների՝ փոքր բիզնեսների ձախողումների 82%-ի հետևում հենց Cash Flow-ի սխալ կառավարումն է։

Կարդա բլոգը, այսօր պատմում ենք, թե ինչպես ճիշտ կառավարել դրամական հոսքերը, որ բիզնեսդ երբեք չհայտնվի ֆինանսական ճեղքվածքի մեջ։

 

Դրամական հոսքերի (Cash Flow) էությունը և տեսակները

Եթե պատկերավոր ասենք, Cash Flow-ն քո բիզնեսի «շնչառությունն» է՝ գումարի մուտքն ու ելքը։ Ու շատ կարևոր է այն չշփոթել շահույթի հետ։ Դրանք բոլորովին տարբեր ցուցանիշներ են։ «Թղթի վրայի» շահույթը երբեք չի վճարի քո աշխատակիցների աշխատավարձը, եթե կանխիկի հոսքը կանգնած է։

Շահույթը քո ընդհանուր եկամուտների և բոլոր ծախսերի տարբերությունն է, որն օգտագործվում է ընկերության ընդհանուր շահութաբերությունը չափելու համար։

Մինչդեռ Cash Flow-ն պատմում է բացառապես փաստացի գումարի շարժի ու ժամկետների մասին՝ հստակ ֆիքսելով յուրաքանչյուր մուտքն ու ելքը։


 

Դրամական հոսքերը բաժանվում են երեք հիմնական խմբի.

  1. Գործառնական (Operating): Այն ամենը, ինչ կապված է բիզնեսի հիմնական գործունեության հետ (վաճառքից ստացված փող, աշխատավարձեր, վարձակալություն)։
  2. Ներդրումային (Investing): Սարքավորումների, գույքի գնում կամ վաճառք։
  3. Ֆինանսական (Financing): Վարկերի ստացում կամ մարում, ներդրողներից ստացված միջոցներ։


 

Ինչո՞ւ է Cash Flow-ի կառավարումը կենսական բիզնեսի համար

Պատկերացրու քո բիզնեսը որպես ավտոմեքենա, իսկ գումարը՝ որպես վառելիք։ Որքան էլ շքեղ լինի մեքենադ, առանց վառելիքի դու տեղից չես շարժվի։

Լավ կառավարումը քեզ տալիս է.

  • Վճարունակություն. դու միշտ պատրաստ ես վճարել մատակարարներին և աշխատողներին։
  • Ճկունություն. հավելյալ գումարի առկայությունը քեզ թույլ է տալիս արագ օգտվել շուկայական հնարավորություններից (օրինակ՝ զեղչված ապրանքի չպլանավորված գնումը)։


 

«Կանխիկի ճեղքվածք» (Cash Gap). ինչպե՞ս խուսափել դրանից

Սա այն իրավիճակն է, երբ դու արդեն ծախսել ես գումարը ապրանքի կամ ծառայության վրա, բայց հաճախորդը քեզ դեռ չի վճարել։ Որպեսզի չընկնես այս «թակարդը», կիրառիր մի քանի պարզ քայլ.

Ճանաչիր բիզնեսիդ իրական վիճակը. քո առաջին քայլը պետք է լինի պարզ դրամական հոսքերի կանխատեսումը (forecast) ու մատակարարների պայմանների աուդիտը։ Դու պետք է հստակ հաշվարկես սպասվող մուտքերի ու պարտադիր ելքերի (աշխատավարձ, վարձ, հարկեր) տարբերությունը։

Կանխատեսում (Forecasting). Կազմիր ճգնաժամային պլան առնվազն առաջիկա 6 ամսվա համար։ Դու պետք է կանխատեսնես «փոթորիկը» նախքան դրա սկսվելը։ Կարող ես «սև օրվա» համար նախապես ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ։ Վարկավորման տեսակներին ավելի լավ ծանոթանալու համար կարդա Օվերդրա՞ֆտ, վարկային գի՞ծ, թե՞ սպառողական վարկ բլոգը։

 

Արագացրու փողի մուտքը (Cash In). ֆինանսական ճեղքվածքը նվազեցնելու ամենապարզ ձևը գումարն արագ հավաքագրելն է։ Խորհուրդ է տրվում կիրառել փուլային վճարումներ (կանխավճարով) կամ փոքր զեղչեր առաջարկել հաճախորդներին։

Դանդաղեցրու փողի ելքը (Cash Out). ի տարբերություն առօրյա կյանքի, որտեղ ընդունված է հաշիվները միանգամից փակել, բիզնեսում պետք է փորձել մատակարարների հետ բանակցել ավելի երկար ժամկետների շուրջ, որպեսզի գումարը հնարավորինս երկար մնա բիզնեսիդ հաշվին։

Ծախսերի օպտիմալացում. պարբերաբար վերանայիր քո ծախսերը։ Արդյոք բոլո՞ր բաժանորդագրություններն ու ծառայություններն են անհրաժեշտ։ Երբեմն մանր ծախսերի կրճատումը կարող է զգալիորեն մեծացնել հաշվիդ մնացորդը։

Ավտոմատացում. օգտագործիր ավտոմատացման ծրագրեր, որոնք կօգնեն նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված սխալները և կխնայեն քո թանկարժեք ժամանակը։

 

Cash Flow-ի խելացի կառավարումը քո բիզնեսի անվտանգության երաշխիքն է, որի միջոցով բիզնեսդ կպահես վճարունակ և կխուսափես անսպասելի ֆինանսական ճեղքվածքներից։

Կարդա նաև...

Այն ամենը, ինչ պետք է իմանաս  եկամտային հարկի վերադարձի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանաս եկամտային հարկի վերադարձի մասին

Դե ինչ, եթե որոշել ես տուն գնել և օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ճիշտ տեղում ես: Ընդամենը 3 րոպեում դու կիմանաս այն ամենը, ինչ պետք է․ ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ինչպե՞ս դիմել:

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը:

Վերապատրաստում և որակավորման բարձրացում

Վերապատրաստում և որակավորման բարձրացում

Արհեստական բանականություն, ավտոմատացում, նորարարական տեխնոլոգիաներ․ աշխարհը շարունակում է արագ փոխվել, աշխատաշուկան՝ ևս։ Տասնյակ մասնագիտություններ նոր են առաջանում, որոշները՝ անհետանում։

  • Recent
  • Popular