You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Soft Savings. Ինչպե՞ս խնայել գումար՝ առանց հետ մնալու - Ամերիա բլոգ
12Հնս

Soft Savings. Ինչպե՞ս խնայել գումար՝ առանց հետ մնալու

 soft savings

«Եթե ամեն օր հրաժարվես 1 բաժակ սուրճից, մի օր միլիոնատեր կդառնաս» տեսակի խորհուրդներն այլևս այնքան էլ ոգևորիչ չեն հնչում։

Խնայողությունները կարևոր են, բայց դրանք չպետք է կյանքի որակի հաշվին կատարվեն։ Ֆինանսապես կայուն լինելը չի նշանակում հրաժարվել ճամփորդություններից, սիրելի սուրճից կամ այն փորձառություններից, որոնք քեզ երջանկացնում են։ Նոր սերնդի ֆինանսական մտածելակերպը չի ընդունում ցանկալիից հրաժարվելու մոտեցումը և փորձում է գտնել հավասարակշռություն ներկայի ու ապագայի ֆինանսական կայունության միջև: Արդյունքում ձևավորվում է նոր մոտեցում` Soft Savings, որի նպատակն է գտնել հավասարակշռություն ներկայի և ապագայի միջև։
 

Ի՞նչ է Soft Savings-ը և ինչո՞ւ է արագ տարածվում

Soft Savings-ը ֆինանսների կառավարման մոտեցում է, որի դեպքում մարդը շարունակում է խնայել և հոգալ ապագայի մասին, բայց միաժամանակ իրեն թույլ է տալիս վայելել ներկան։

Այս մտածելակերպը հատկապես տարածվեց այն բանից հետո, երբ երիտասարդ սերունդները բախվեցին տնտեսական անկայունության, գնաճի և բնակարանների թանկացման հետ։ Շատերի համար պարզ դարձավ, որ կյանքը չի կարելի հետաձգել։

Soft Savings-ի հիմքում մի գաղափար է․ խնայիր, բայց մի վերածիր ֆինանսական կարգապահությունը ինքնասահմանափակման։

Օրինակ՝

  • գումար հատկացրու խնայողություններին, բայց նաև պլանավորիր ճամփորդություն,
  • ներդրումներ կատարիր, բայց մի հրաժարվիր սիրելի զբաղմունքներից,
  • սահմանիր ֆինանսական նպատակներ, բայց մի ապրիր միայն դրանց համար։
     

Soft Savings, թե՞ Lifestyle Creep

Այս երկու երևույթները հաճախ շփոթում են իրար հետ։ Soft Savings-ը գիտակցված հավասարակշռություն է։ Lifestyle Creep -ը՝ ծախսերի աննկատ աճ։

Օրինակ՝ աշխատավարձդ բարձրացել է։

Soft Savings-ի դեպքում կարող ես որոշել, որ եկամտի աճի մի մասը կուղղես խնայողություններին, իսկ մի մասը՝ կյանքի որակի բարելավմանը։

Lifestyle Creep-ի դեպքում պարզապես սկսում ես ավելի շատ ծախսել՝ առանց մտածելու դրա մասին։ Արդյունքում՝ եկամուտն աճում է, բայց խնայողությունները՝ ոչ։

Հիմնական տարբերությունն այն է, որ Soft Savings-ը հիմնված է գիտակցված ընտրությունների վրա, իսկ Lifestyle Creep-ը՝ սովորությունների։ Lifestyle Creep-ի մասին ավելի մանրամասն կարդա մեր այս բլոգում:
 

Soft Savings-ի հիմնական սկզբունքները

  • Վճարիր նախ ինքդ քեզ

Աշխատավարձ ստանալուց հետո առաջին հերթին առանձնացրու խնայողությունների համար նախատեսված գումարը, հետո միայն պլանավորիր մնացած ծախսերը։

  • Խնայողությունը չպետք է պատիժ լինի

Եթե խնայողությունների պլանը չափազանց խիստ է, մեծ է հավանականությունը, որ մի քանի շաբաթ կամ ամիս անց պարզապես կհրաժարվես դրանից։ Ավելի արդյունավետ է ընտրել այնպիսի մոտեցում, որը կարող ես պահպանել երկար ժամանակ՝ առանց մշտապես ինչ-որ բանից զրկված զգալու:

  • Նպատակները պետք է լինեն իրատեսական

Ավելի լավ է ամեն ամիս խնայել փոքր, բայց կայուն գումար, քան մեկ ամիս խնայել շատ, հաջորդ ամիս՝ ոչինչ չխնայել։

  • Բյուջեում տեղ թող հաճույքների համար

Ֆինանսական կարգապահությունը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից։ Փոքր հաճույքները հաճախ օգնում են պահպանել մոտիվացիան երկարաժամկետում։

 

Soft Savings-ի առավելություններն ու հնարավոր ռիսկերը

Soft Savings-ի գլխավոր առավելությունն այն է, որ այն օգնում է ձևավորել կայուն ֆինանսական սովորություններ՝ առանց կյանքի որակի զգալի սահմանափակման։

Այս մոտեցումը կարող է՝

  • նվազեցնել ֆինանսական սթրեսը,
  • օգնել պահպանել և զարգացնել խնայողությունների սովորությունը,
  • բարելավել ֆինանսական կարգապահությունը,
  • ստեղծել ավելի առողջ «հարաբերություններ» փողի հետ։

Սակայն այստեղ ևս կան ռիսկեր։

Եթե հստակ սահմաններ չդնես, «ես արժանի եմ ինձ մի փոքր պարգևատրել» տրամաբանությունը կարող է վերածվել չպլանավորված ծախսերի։ Պետք է ամեն դեպքում ի նկատի ունենալ, որ Soft Savings-ը պահանջում է նույնքան ուշադրություն, որքան ավանդական խնայողությունները։
 

Ինչպե՞ս կիրառել Soft Savings մոդելը գործնականում

Եթե ցանկանում ես փորձել այս մոտեցումը, սկսիր փոքր քայլերից։

  • Սահմանիր ամսական խնայողությունների նվազագույն չափ,
  • ստեղծիր արտակարգ իրավիճակների ֆոնդ։
  • բյուջեի պլանում առանձնացրու «հաճույքի» կամ «փորձառությունների» կատեգորիա,
  • ամեն ամիս վերանայիր ծախսերդ,
  • օգտվիր լոյալության ծրագրերից,

Desktop/Tablet Image

 

  • ավտոմատացրու խնայողությունները, որպեսզի դրանք չտուժեն քո «տրամադրությունից»։
     

Խնայողությունների նպատակը միայն գումար կուտակելը չէ։ Դրանք պետք է օգնեն քեզ ավելի վստահ զգալ թե՛ այսօր, թե՛ վաղը։

Soft Savings-ը հիշեցնում է, որ ֆինանսական պատասխանատվությունն ու կյանքի հաճույքները պարտադիր չէ, որ հակասեն միմյանց։ Երբ կարողանում ես ապահովել երկուսն էլ, խնայողությունը դադարում է լինել ժամանակավոր փորձ և վերածվում է կայուն սովորության։

Կարդա նաև...

Financial Nesting. Ինչպե՞ս ստեղծել ֆինանսական հիմք երեխայի համար

Financial Nesting. Ինչպե՞ս ստեղծել ֆինանսական հիմք երեխայի համար

Երբ երեխան ծնվում է, ծնողները սկսում են մտածել նրա առողջության, կրթության ու ապագայի մասին։ Բայց կա ևս մեկ կարևոր հարց, որը հաճախ հետաձգվում է տարիներով. արդյո՞ք երեխան կունենա ֆինանսական մեկնարկային կապիտալ, երբ դրա կարիքը լինի։

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը`  նեյմինգը`  այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը:

  • Recent
  • Popular