You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ընտանեկան բիզնես. Ինչպե՞ս վերացնել խոչընդոտներն ու հաջողել - Ամերիա բլոգ
20Մրտ

Ընտանեկան բիզնես. Ինչպե՞ս վերացնել խոչընդոտներն ու հաջողել

 yntanekan-business

Աշխարհում կան բիզնեսներ, որոնց գործունեությունը չափվում է ոչ թե տարիներով, այլ այն բանով, թե քանի սերունդ է կառավարել այն: Բիզնեսի նման օրինակ է Hoshi Ryokan ճապոնական հյուրանոցը, որը հիմնադրվել է դեռևս 718թ. և արդեն 46 սերունդ շարունակ կառավարվում է նույն ընտանիքի կողմից։

Այս օրինակն ապացուցում է, որ ընտանեկան բիզնեսը կարող է լինել կայուն և երկարաժամկետ հաջողության հիմք։ Բայց, ինչպես ցանկացած մոդել, այն ունի իր ուժեղ և թույլ կողմերը։

 

Ինչո՞ւ են ընտանեկան բիզնեսները հաճախ հաջողում

Ընտանեկան բիզնեսների ուժը միայն ֆինանսական ռեսուրսների մեջ չէ․ այն գալիս է արժեքներից, վստահությունից և երկարաժամկետ մտածողությունից։

Հիմնական առավելությունները

  • Ժառանգական կայունություն

Երբ բիզնեսը փոխանցվում է սերնդեսերունդ, ձևավորվում է հետևողական ռազմավարություն և երկարաժամկետ տեսլական։

  • Բարձր պատասխանատվություն

Բիզնեսը հաճախ ընկալվում է որպես ընտանեկան պատիվ, ինչը երաշխավորում է որակ և վստահություն (հատկապես «ազգանուն կրող» բրենդերի դեպքում)։

  • Ճկունություն և օպտիմալացում

Ընտանիքի անդամները պատրաստ են համատեղել դերերը և նույնիսկ անձնական ռեսուրսներ ներդնել՝ հանուն ընդհանուր նպատակի։ Ճգնաժամային իրավիճակներն ավելի լավ կառավարելու համար կարդա նաև Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում բլոգը:

  • Արժեքային միասնություն

Վստահության վրա հիմնված միջավայրում նվազում է բյուրոկրատիան, իսկ որոշումներն` արագանում։

Ընտանեկան բիզնեսն ունի նաև իր մարտահրավերները, որոնք հաճախ կապված են հենց «ընտանեկան» լինելու հետ։

 

Հիմնական մարտահրավերները

  • Էմոցիոնալ գործոն

 Անձնական և գործնական սահմանների բացակայությունը կարող է հանգեցնել սուբյեկտիվ որոշումների և կոնֆլիկտների։

  • Պահպանողականություն

Ավագ սերունդը երբեմն կարող է դեմ լինել փոփոխություններին, իսկ նորարարության պակասը կարող է դանդաղեցնել բիզնեսի աճը։

  • Աշխատակիցների դեմոտիվացիա

Նեպոտիզմը` ազգակցական կապով առաջխաղացումը, կարող է նվազեցնել այլ աշխատակիցների մոտիվացիան։

 

«Ընտանեկան սահմանադրություն». Ինչպե՞ս պաշտպանել բիզնեսը վեճերից

Հաջող ընտանեկան բիզնեսները չեն հիմնվում միայն վստահության վրա․ դրանք ունեն նաև հստակ կանոններ։

  • Իրավասությունների և դերերի բաշխում

Յուրաքանչյուր անդամ պետք է ունենա հստակ սահմանված լիազորությունների շրջանակը և գործառույթներ, որպեսզի խուսափեք «երկիշխանությունից»: Երկիշխանության պարագայում աշխատակիցները հակասական հրահանգներ են ստանում ընտանիքի տարբեր անդամներից։

  • Մասնագիտական չափանիշներ

Ընտանեկան կապը չպետք է լինի աշխատանքի անցնելու միակ նախապայմանը։ Կանոնադրությունը պետք է սահմանի կրթական և փորձառության այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է ընկերությունում պաշտոն զբաղեցնելու համար։

  • Արդար վարձատրության քաղաքականություն

Աշխատավարձերը պետք է համապատասխանեն շուկայական մակարդակին՝ ապահովելով թափանցիկություն և արդարություն։

  • Իրավահաջորդության պլանավորում

Կանոնադրությունը սահմանում է, թե ինչպես է տեղի ունենալու ղեկավարման փոխանցումը հաջորդ սերնդին, որպեսզի խուսափեք իշխանության համար պայքարից։

  • Ելքի ռազմավարություն

Կարևոր է ունենալ հստակ սցենար, եթե ընտանիքի որևէ անդամ որոշի դուրս գալ բիզնեսից կամ վաճառել իր մասնաբաժինը։

 

Ֆինանսական կարգապահություն՝ հաջողության հիմքում
Ֆինանսական գրագիտության կարևոր կանոններից մեկը` ընտանեկան և բիզնես բյուջեները երբեք չպետք է խառնվեն։ Սա թույլ է տալիս հստակ հասկանալ բիզնեսի իրական շահութաբերությունը, խուսափել ֆինանսական քաոսից և ապահովել երկարաժամկետ կայունություն:

 

Ինչպե՞ս են հաջողում ընտանեկան բրենդները

Ամենահաջող ընտանեկան բիզնեսները նրանք են, որոնք կարողանում են ավանդույթները վերածել մրցակցային առավելության։

  • Ferrero (Իտալիա)

Սկսելով փոքր հրուշակեղենի խանութից՝ նրանք ստեղծեցին գլոբալ բրենդ  (Nutella, Ferrero Rocher)՝  շնորհիվ խիստ գաղտնիության և ընտանեկան արժեքների վրա հիմնված որակի բարձր ստանդարտների։

  • Hermès (Ֆրանսիա)

Արդեն 6 սերունդ Hermès-ը պահպանում է բացառիկությունը։ Նրանց հաջողության գաղտնիքը շտապողականության բացակայությունն է. նրանք նախապատվությունը տալիս են երկարաժամկետ հեղինակությանը, ոչ թե արագ շահույթին։
 

Ընտանեկան բիզնեսը միայն բիզնես չէ․ այն պատմություն է, արժեհամակարգ և պատասխանատվություն հաջորդ սերունդների նկատմամբ։ Երբ ճիշտ են համադրվում վստահությունը, կանոնները և պրոֆեսիոնալ կառավարումը, ընտանեկան բիզնեսը կարող է դառնալ ոչ միայն եկամուտի աղբյուր, այլ նաև երկարաժամկետ ժառանգություն։

 

Կարդա նաև...

Growth Hacking Ինչպե՞ս մեծացնել բիզնեսն առանց մեծ բյուջեի

Growth Hacking Ինչպե՞ս մեծացնել բիզնեսն առանց մեծ բյուջեի

Ըստ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի՝ ստարտափների 90%-ը ձախողվում է առաջին 2 տարում։ Առավել հաճախ այս ձախողումների պատճառը ոչ թե պրոդուկտն է, այլ սխալ մարքեթինգային որոշումները։

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ամեն ամիս աշխատավարձ ես ստանում ու հաստատ գիտես քո «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձի չափը: Իսկ գիտե՞ս, թե ինչ պահումներ են արվում քո «կեղտոտ» աշխատավարձից. ի վերջո ո՞ւր է գնում այդ գումարը, ինչպե՞ս է վերադառնում քեզ կամ վերադառնո՞ւմ է արդյոք:

Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում

Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում

Ֆինանսական և բանկային ոլորտի ապագան ոչ միայն թվերն ու աղյուսակներն են, այլև նորարարությունը, փոխակերպումն ու սովորական թվացող գործընթացների վերաիմաստավորումը։

  • Recent
  • Popular