
Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։
Արի պարզենք՝ ինչ տեսակի ավանդներ գոյություն ունեն ու որն է համապատասխանում քո ֆինանսական նպատակներին։
Ավանդները լինում են՝
- Ֆիքսված ՝ ձևակերպվում են հստակ ժամկետով, բարձր տոկոսով, բայց սահմանափակ հասանելիությամբ
- Ճկուն ՝ տարբերվում են ոչ ստանդարտ պայմաններով ու հստակ նպատակայնությամբ: Դրանցից են կուտակային, մանկական, ցպահանջ և այլ տեսակի ավանդները, որոնք առաջարկում են մեծ ճկունություն։
Ի՞նչ է ֆիքսված ավանդը
Ֆիքսված ավանդը դասական ժամկետային ավանդ է. դու ի սկզբանե գիտես՝ որքան ես ներդնում և ինչքան եկամուտ ես ստանալու։ Չնայած քո ներդրած ավանդի գումարը կարող ես հետ ստանալ ցանկացած պահի, եկամուտը հասանելի է միայն ժամկետի ավարտին: Տոկոսները կարող են վճարվել կամ կապիտալացվել (այսինքն` ավելանալ մայր գումարին) ամսական պարբերականությամբ կամ ժամկետի ավարտին։ Այս մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ:
Ֆիքսված ավանդը հարմար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն երկարաժամկետ նպատակներ, ցանկանում են բարձր եկամուտ կամ պարզապես կայուն «ֆինանսական բարձիկ», որի մասին, ի դեպ, շատ հետաքրքիր բլոգ ունենք, անպայման կարդա:
Ի՞նչ է ճկուն ավանդը
Ճկուն ավանդն ընդգրկում է ավանդի մի շարք տեսակներ՝ ցպահանջ, կուտակային, գումարի ավելացման, նվազեցման կամ դադարեցման հնարավորությամբ, մանկական ավանդներ և այլն։
Ճկուն ավանդատեսակներն ընձեռում են ավելի մեծ հնարավորություններ, օրինակ` որոշակի հասանելիություն գումարի նկատմամբ` ավանդի գործողության ընթացքում։ Ոորոշ բանկեր թույլ են տալիս մասնակի կանխիկացում առանց տույժերի, իսկ Ամերիա կուտակային ավանդը հնարավորություն է տալիս պայմանագրի գործողության ժամկետում ավանդի գումարն ավելացնել մինչև 50 մլն դրամի չափով:
Ո՞ր տեսակն է համապատասխանում քո ֆինանսական նպատակներին
Տոկոսադրույք, գումար, ճկունություն
Եթե քո առաջնային նպատակը ավելի բարձր եկամուտ ստանալն է, իսկ գումարն էլ ամեն օր անհրաժեշտ չէ՝ ֆիքսված ավանդը լավագույն լուծումն է։ Իսկ եթե քո կյանքը հագեցած է անսպասելի ծախսերով կամ պարզապես ցանկանում ես խնայել առանց «խիստ» սահմանափակումների, ընտրիր ճկուն ավանդատեսակներից մեկը։
Ռիսկեր և հարկում
Բոլոր տեսակի ավանդները համարվում են ցածր ռիսկային, քանի որ քո ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից (դրամի դեպքում մինչև 16 մլն դրամ, իսկ արտարժույթի դեպքում` 7 մլն դրամին համարժեք): Ավանդի արդյունքում ստացված տոկոսային եկամուտը հարկվում է 10% եկամտային հարկով։
Միջոցներին հասանելիություն
Ճկուն ավանդը առաջարկում է ազատություն։ Կարող ես մասնակիորեն օգտագործել միջոցներդ` առանց կուտակած բոլոր տոկոսները կորցնելու։ Ֆիքսվածի դեպքում եկամուտը երաշխավորված է, բայց միայն ժամկետի ավարտին։ Այսինքն` ժամկետից շուտ ավանդը դադարեցնելու դեպքում կորցնում ես տոկոսը:
Ահա համեմատական աղյուսակ, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվես:
Ինչու՞ են որոշ մարդիկ ընտրում երկուսն էլ
Շատերն օգտվում են միաժամանակ 2 տարբերակից։ Ֆիքսված ավանդն ապահովում է ավելի մեծ եկամուտ, իսկ ճկունը՝ շտապ ծախսերի կամ փոփոխվող իրավիճակների համար հարմարավետություն։ Սա խելամիտ տարբերակ է հատկապես ընտանեկան բյուջեն ճիշտ կառավարելու համար։
Ավանդը պարզապես գումարի խնայողության տարբերակ չէ։ Դա քո ապագայի հանդեպ ունեցած վերաբերմունքն է։ Անկախ նրանից, թե դու կընտրես վստահություն և կայունություն, թե ազատություն` ճիշտ որոշումը հենց այն է, ինչն այսօր օգնում է քեզ լինել ֆինանսապես հանգիստ և պատրաստ վաղվան։