You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս սահմանել նպատակներ 2026-ի համար - Ամերիա բլոգ
12Դկտ

Ինչպե՞ս սահմանել նպատակներ 2026-ի համար

amanorya vacharqner

Տարին ավարտին է մոտենում, և մենք սկսում ենք ամփոփումները` օնլայն, թղթի վրա թե մտքում, էական չէ: Ու անխուսափելի բախվում ենք հարցին` ինչ եմ ես հասցրել անել 12 ամսում:

Վստահաբար, յուրաքանչյուրն էլ կգտնի մի կարևոր ձեռքբերում, լինի դա մասնագիտական առաջխաղացում, կարդացած գրքերի քանակ թե վաղուց երազած ճամփորդություն:

Այստեղ հարցն այն է` արդյոք դու հենց այդ նպատակներն էիր սահմանել տարեսկզբին, թե օրինակ ցանկանում էիր վազել առաջին մարաթոնը, վերանորոգել բնակարանը կամ էլ նոր լեզու սովորել։

Եթե ուզում ես 2026-ը բարձր տրամադրությամբ ամփոփել, դիմավորիր այն անելիքների հստակ ցանկով ու պլանավորմամբ։

Տարվա պլանավորումը պարտադիր է, եթե ցանկանում ես աշխատել ոչ թե շատ, այլ խելացի։ Այս բլոգում կխոսենք այն մասին, թե ինչպես կազմել տարեկան պլան ու խուսափել նպատակներ սահմանելու տարածված սխալներից։


Ինչո՞ւ է անհրաժեշտ տարեկան պլանավորումը

Նպատակների ցանկ ունենալն անօգուտ է, եթե չունես դրանց հասնելու հստակ ծրագիր: Տարվա համար լուրջ ու հավակնոտ նպատակ սահմանելիս կարևոր է հասկանալ դրա բաղադրիչները՝ որն է լինելու առաջին քայլը, դրա իրականացման համար անհրաժեշտ բյուջեն և ինչ անել, եթե դժվարություններ առաջանան։ Միայն այս կերպ կկարողանաս հասնել երկարաժամկետ նպատակիդ։

Միշտ էլ կարելի է արդարանալ, թե մեր անկայուն աշխարհում պլանավորումն անիմաստ է։ Սակայն հոգեբանական տեսանկյունից երկարաժամկետ պլանավորումը կայունության հիմքն է. եթե դու ունես նպատակ, կաշխատես դրա ուղղությամբ՝ անկախ դժվարություններից։

Դու կարող ես հարմարվել ցանկացած փոփոխության, և դա շատ ավելի հեշտ է, եթե գիտես, թե ինչ արդյունքի ես ուզում հասնել։ Գլխավորը հասկանալն է, թե գալիք տարվա որ նպատակներն են իսկապես քոնը։ Դրանք չպետք է պարտադրվեն հասարակության, միջավայրի կամ թրենդի կողմից։
 

Որոշիր նպատակներդ ու սահմանիր առաջնահերթությունը

Վերցրու թուղթն ու գրի առ բոլոր ցանկություններդ` սկսելով ամենաանհավանականներից`
 

🔵 բարձրանալ Արագածի գագաթը

🔵 թռչել պարաշյուտով

🔵 այցելել եվրոպական 5 երկիր

🔵 կարդալ 10 գիրք

🔵 կարիերայում առաջխաղացում ունենալ

🔵 սովորել դաշնամուր նվագել

🔵 վերանորոգել բնակարանը

🔵 ունենալ ֆինանսական բարձիկ

🔵 սովորել չինարեն

🔵 սովորել Java

🔵 վազել մարաթոն


Շարունակիր ինքդ

Նպատակներդ բաժանիր բաժինների` ինքնազարգացում, աշխատանք, ֆինանսներ և այլն: Այժմ յուրաքանչյուր բլոկում թող ընդամենը մեկ նպատակ, որն ամենակարևորն է քեզ համար: Հիշիր` պետք է սթափ գնահատել հնարավորություններն ու ռեսուրսները` ժամանակից մինչև գումար: Ինքդ քեզ հետ անկեղծ եղիր ու հստակ նշիր, թե որքան ռեսուրս կարող ես հատկացնել նպատակներիդ իրականացմանը։ Այլապես քո ցանկը այդպես էլ կմնա թղթի վրա և չի դառնա նպատակներիդ հասնելու ծրագիր:
 

Նպատակներդ քայլերի բաժանիր ու սահմանիր վերջնաժամկետ

Յուրաքանչյուր նպատակի համար պլան կազմիր` ինչից ես սկսելու և ինչպես ես դրան հասնելու, որն է առաջին քայլդ և որքան ժամանակ ես հատկացնելու յուրաքանչյուրին:

Օրինակ` ֆինանսական բարձիկ ունենալու համար բացելու ես խնայողական հաշիվ ու ամեն աշխատավարձից 10-15% փոխանցելու ես այդ հաշվին: Որոշ ժամանակ անց հաշվիդ կլորիկ գումար կլինի:
 

Իսկ եթե ուզում ես նոր լեզու սովորել, կարող ես առաջնորդվել այս հերթականությամբ`

🟡 Ուսումնասիրել ուսումնական կենտրոնները/առցանց դասընթացները

🟡 Ընտրել քեզ հարմար տարբերակը

🟡 Սկսել դասընթացը ու մինչև տարեվերջ ունենալ B1 մակարդակ

Հիմնական նպատակի համար վերջնաժամկետը, իհարկե, տարեվերջն է, սակայն դրան մեկ քայլով չես հասնելու։ Յուրաքանչյուր քայլի համար սահմանիր հստակ վերջնաժամկետ` օրինակ, մինչև գարուն` А1, մինչև աշուն` A2, տարեվերջին` B1:
 

Երկարաժամկետ պլանավորման հիմնական սխալները
 

1️⃣ Սկսել պլանավորել Ամանորի նախօրեին / երկուշաբթի օրը

Մենք ավանդաբար սկսում ենք մեծ պլաններ կազմել կարևոր տոներից առաջ` Նոր տարի, ծննդյան օրեր, կամ էլ նոր ամիս/շաբաթ: Օրինակ՝ շաբաթ երեկոյան՝ հեռուստացույց դիտելիս, հասկանում ես, որ քիչ ես շարժվում, ուստի վճռականորեն որոշում ես երկուշաբթի օրը սկսել առավոտյան վազել:

Սխալն այն է, որ նման որոշումները հաճախ ինքնաբուխ են լինում: Երկուշաբթի օրերին դու սովորաբար զբաղված ես աշխատանքով/ուսմամբ, իսկ Նոր տարվա նախօրեին՝ բոլորովին այլ հոգսերով: Ինքնաբուխ նպատակներն արագ մոռացվում են և կորցնում են իրենց արդիականությունը: Հետևաբար, նպատակն ամսաթվի հետ մի կապիր: Դու պետք է սկսես տարեկան պլան կազմել այն ժամանակ, երբ իսկապես պատրաստ լինես դրան:

2️⃣ Անհասանելի նպատակներ սահմանելը

Սոցիալական ցանցերը լի են իրական ու կեղծ միլիոնատերերով, որոնք յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նոր մեքենա են գնում, տարին 12 անգամ մեկնում են հանգստի ու պարբերաբար մեկնարկում են նոր հաջողված նախագծեր։ Դրանց համեմատ մեր նպատակները հաճախ թվում են չափազանց պարզ և աննշան։ Արդյունքում, մենք կազմում ենք մեծ ծրագրեր, որոնք չենք կարողանում իրականացնել։

Հիշիր, դու տեսնում ես նրանց կյանքի միայն լուսավոր կողմը՝ բաց թողնելով դրան հասնելու դժվարին ճանապարհը։ Նախքան տարվա համար ծրագիր կազմելը գնահատիր ռեսուրսներդ ու հնարավորություններդ։ Օբյեկտիվորեն գնահատիր նոր տարվա նպատակներիդ հասնելու ժամանակացույցը։

3️⃣ Առաջնահերթություններ չսահմանելը

Մենք ուզում ենք ամեն ինչ ու մեկ տարվա ընթացքում: Արդյունքում` ուժերի սպառում ու հիասթափություն: Հիշիր` առաջին հայացքից մեկ տարին երկար է թվում, բայց անհնար է ամեն ինչ հասցնել: Սահմանիր 2-3 հստակ առաջնահերթություն ու գնա դրանց հետևից:

4️⃣ Ամբողջ տարին նվիրել միայն նպատակներին հասնելուն

Մենք մեր բլոգում շատ ենք խոսել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության մասին: Եթե ջանասիրաբար աշխատես նպատակների ուղղությամբ, կարող ես ավելի արագ հաջողության հասնել։ Բայց սա էլ իր ռիսկերն ունի:

Այստեղ ևս կարևոր է հավասարակշռության պահպանումը:  Նպատակների մարաթոնի ընթացքում մի մոռացիր հանգստի, ընտանիքի ու ընկերների մասին:

5️⃣ Փոփոխությունների մերժում

Իհարկե, հրաշալի է, եթե ամեն ինչ մեր պլանավորածով է գնում, սակայն իրականությունը միշտ էլ իր ճշգրտումներն է անում մեր ծրագրերում: Օրինակ, համավարակը հսկայական փոփոխություններ է առաջացրել միլիոնավոր մարդկանց ծրագրերում: Ու պարտադիր չէ, որ փոփոխությունները պայմանավորված լինեն համաշխարհային մասշտաբի իրադարձություններով: Դրանք կարող են ավելի լոկալ նշանակություն ունենալ․ աշխատանքային գրաֆիկի փոփոխություն, հիվանդություն կամ չպլանավորված ուղևորություն։

Հիշիր` պետք չէ փորձել անթերի պլան կազմել. Կյանքը, միևնույնն է, իր շտկումներն է անելու: Կարևոր է պարբերաբար վերանայել տարվա նպատակներն ու խնդիրները և ժամանակին արձագանքել փոփոխություններին` կատարելով ճշգրտումներ:

Կարդա նաև...

Սկսիր այսօր. 6 քայլ քո հաջողակ կարիերայի ճանապարհին

Սկսիր այսօր. 6 քայլ քո հաջողակ կարիերայի ճանապարհին

Աշխատե՞լ սովորելուն զուգահեռ, թե՞ ժամանակն ամբողջությամբ տրամադրել ուսմանը, իսկ աշխատելու մասին մտածել միայն ուսումն ավարտելուց հետո:

VR. Կրթելով վիրտուալ ապագան

VR. Կրթելով վիրտուալ ապագան

Վիրտուալ իրականությունը թույլ է տալիս իրական ներկայության փորձ ունենալ՝ բարձրացնելով ուսուցման արդյունավետությունը: Խաղի այս ձևաչափը հատկապես հետաքրքրում է երեխաներին:

OKR ու KPI կամ նպատակներից դեպի իրականացում

OKR ու KPI կամ նպատակներից դեպի իրականացում

Հունվարը պլանավորման ու ամբողջ տարվա անելիքները նախանշելու ամիսն է։

  • Recent
  • Popular