Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
21Փտվ

Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2030-ին. 4 մասնագիտություն ֆինանսների աշխարհում

3D illustration of a movie of phone

Ֆինանսական և բանկային ոլորտի ապագան ոչ միայն թվերն ու աղյուսակներն են, այլև նորարարությունը, փոխակերպումն ու սովորական թվացող գործընթացների վերաիմաստավորումը։

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխակերպվում են նաև ֆինանսական ակտիվները կառավարելու, ներդրումների և անվտանգության ապահովման ձևերը։

Մինչև 2030 թվականը ֆինանսաբանկային ոլորտում ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնք կպահանջեն առաջադեմ տեխնոլոգիաների և ֆինանսական հմտությունների սիմբիոզ։

Այս բլոգում կանդրադառնանք ապագայի 5 պահանջված մասնագիտություններին, որոնք ոչ միայն կձևավորեն  ֆինանսների ապագան, այլև կնախանշեն ֆինանսական առաջնորդների վաղվա հաջողակ կարիերան։

ESG մասնագետ

ESG՝ environmental, social, governance․ հապավումը կարելի է թարգմանել որպես «բնապահպանություն, սոցիալական քաղաքականություն և կառավարում»: Իսկ հիմքում այն գիտակցումն է, որ շրջակա միջավայրի, սոցիալական և պատշաճ կառավարման հիմնախնդիրներն ազդում են ընկերության՝ արժեք ձևավորելու կարողության վրա:

ESG-ն հնարավորություն է տալիս բիզնեսի վարման կարճաժամկետ մոտեցումներից անցում կատարելու երկարաժամկետի` ձգտելով միջավայրի, որը կխրախուսի ներառական տնտեսական աճը, կլինի սոցիալապես արդար և բնապահպանական առումով մաքուր ու անվտանգ:

ESG-ն աստիճանաբար դառնում է բանկային համակարգի անբաժանելի մասը՝ ազդելով գործառնությունների, հաշվետվությունների կազմման ու վարման և ռազմավարական որոշումների կայացման վրա: Ենթադրվում է, որ ESG սկզբունքներով աշխատող բանկերը պետք է աջակցեն «կանաչ» և «սոցիալապես պատասխանատու» գաղափարների իրագործմանը, որոնք կօգնեն պաշտպանել բանկը և դրա հաճախորդներին կլիմայի փոփոխության և սոցիալական այլ խնդիրների հետ կապված տարբեր ռիսկերից:

Եվրոպական բանկային մարմինը (EBA) 2023-ին ներկայացրել է եվրոպական բանկերի շրջանում ESG հաշվետվությունների ստանդարտացմանն ուղղված կանոնակարգերը։ Դրանք ընդգծում են ESG քաղաքականության թափանցիկության և հետևողականության անհրաժեշտությունը՝ դրդելով բանկերին հարմարեցնել իրենց հաշվետվությունների պրակտիկան այս նոր պահանջներին:

EBA-ի բացահայտման պահանջները ներառում են ESG ռիսկերն ու հնարավորությունները գնահատելու և կառավարելու համար մի շարք կարևոր անվանակարգեր՝ ներառյալ կառավարումը, ռազմավարությունը, ռիսկերի կառավարումը, չափումները և թիրախների սահմանումը:

Գործառույթները. ESG մասնագետները այս փորձագետներն օգնում են ֆինանսական հաստատություններին ինտեգրել ESG գործոններն իրենց ներդրումային ռազմավարությունների, ռիսկերի կառավարման և գործառնությունների մեջ: Նրանք վերլուծում են ընկերությունների կայունության գործելակերպը, հետևում դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի վրա, գնահատում են սոցիալական պատասխանատվությունը և կորպորատիվ կառավարման համակարգերը: Նրանք օգնում են ֆինանսական հաստատություններին համապատասխանել ESG կանոնակարգերին և ուղղորդում են  սոցիալական և բնապահպանական տեսանկյունից պատասխանատու ներդրումային որոշումներ կայացնելու հարցում:

Կարևորությունը. սպառողները, ներդրողները և կարգավորող մարմինները ավելի ու ավելի են պահանջում կայուն և էթիկական պրակտիկա, և ESG մասնագետների դերը դառնում է վճռորոշ: Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը բանկերը և ֆինանսական հաստատությունները պետք է առաջնահերթություն տան ESG գործոններին ոչ միայն կարգավորող պահանջներին համապատասխանելու, այլև սոցիալապես պատասխանատու ներդրողների աճող շուկան գրավելու համար: ESG մասնագետները կառաջնորդեն ֆինանսների ապագան՝ ապահովելով հավասարակշռվածությունը շահույթի, շրջակա միջավայրի կայունության և սոցիալական պատասխանատվության միջև:


ԱԲ հիմքով աշխատող ֆինանսական վերլուծաբան

Արհեստական բանականությունը (ԱԲ կամ AI) խորապես փոխակերպում է բանկային ոլորտը՝ ընձեռելով անսահման հնարավորություններ, բայց նաև առաջադրելով նոր մարտահրավերներ։ Վերջին զեկույցներն ու ուսումնասիրություններն ընդգծում են AI-ի ինտեգրման զարգացող լանդշաֆտը բանկային ոլորտում՝ կենտրոնանալով դրա կիրառությունների, օգուտների և հարակից ռիսկերի վրա:

Բանկերն աստիճանաբար ավելացնում եմ ԱԲ-ի ինտեգրման համար արվող  ներդրումների ծավալները՝ բարձրացնելու գործառնական արդյունավետությունն ու հաճախորդների ներգրավվածությունը: Օրինակ՝ Commonwealth Bank of Australia-ն հայտարարել է իր տեխնոլոգիական ներդրումների ռեկորդային աճի մասին՝ պայմանավորված AI-ի և թվային ենթակառուցվածքների առաջընթացի ռազմավարական կարևորությամբ: Բանկի գործադիր տնօրեն Մեթ Քոմինն ընդգծել է նման տեխնոլոգիաների ներդման միջոցով ներքին մրցակիցներից առաջ անցնելու հանձնառությունը:

Չնայած AI-ն առաջարկում է բազմաթիվ առավելություններ, այն նաև առաջադրում է մարտահրավերներ, մասնավորապես՝ կապված տվյալների գաղտնիության, կողմնակալության և երրորդ կողմից կախվածության հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության (U.S. Department of the Treasury) զեկույցն  ընդգծում է ֆինանսական հաստատությունների կողմից AI-ի օգտագործման դեպքերը վերանայելու անհրաժեշտությունը՝ համապատասխանեցնելու օրենքներին, օրինակ, արդար վարկավորման և տվյալների գաղտնիության ապահովման պահանջներին: Զեկույցում ընդգծվում է, որ արհեստական բանականությունը կարող է ընդլայնել բանկերի հնարավորությունները, բայց նաև մեծացնել որոշակի ռիսկերը՝ պահանջելով մանրակրկիտ ուսումնասիրություն և կառավարում:

Գործառույթները․ օգտագործելով արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը`  AI հիմքի վրա աշխատող ֆինանսական վերլուծաբանները կվերլուծեն հսկայական քանակությամբ տվյալներ՝ օրինաչափությունները բացահայտելու, շուկայի միտումները կանխատեսելու և ներդրումային հնարավորությունները գնահատելու համար: Նրանց պատկերացումները վճռորոշ կլինեն բանկերի համար ռիսկերի կառավարման, պորտֆելի օպտիմալացման և կանխատեսման հարցերում:

Կարևորությունը․ ֆինանսական վերլուծաբաններին AI-ը հնարավորություն կտա  ճշգրիտ տվյալների  վրա հիմնված կանխատեսումներ անելու ավելի արագ, քան երբևէ: Տվյալահեն աշխարհում այս մասնագետները կարևոր նշանակություն կունենան ժամանակակից ֆինանսների առջև ծառացած խնդիրները մեղմացնելու համար:
 

ԱԲ hամապատասխանության պատասխանատու

Այս համատեքստում ուզում ենք խոսել արհեստական բանականության հետ փոխկապակցված ևս մեկ մասնագիտության մասին։

Գործառույթները. ԱԲ-ի համապատասխանության պատասխանատուները երաշխավորում են, որ բանկային և ֆինանսական ոլորտում օգտագործվող ալգորիթմներն ու ԱԲ մոդելները թափանցիկ են, էթիկական նորմերին ու կանոնակարգերին համապատասխան: Նրանք վերահսկում են ԱԲ-ի օգտագործումը վարկերի գնահատման, վարկավորման և ներդրումային ռազմավարություններում՝ ապահովելու արդարությունը և կանխելու խտրականության ցանկացած դրսևորում:

Կարևորությունը. ԱԲ-ի դերը ֆինանսական որոշումների կայացման գործում արագորեն աճում է, և կենսական նշանակություն ունի, որ այս համակարգերը լինեն արդար և անաչառ: Այս մասնագիտությունն առանցքային է նորագույն տեխնոլոգիաները էթիկական չափանիշների հետ հավասարակշռելու հարցում։


Թվային ինքնության մասնագետ

Թվային ինքնության ինտեգրումը աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ֆինանսաբանկային ոլորտում՝ API-ներ, էլեկտրոնային ստորագրություններ և այլ տեխնոլոգիաներ օգտագործելով։ Թվային ինքնության մասնագետը պատասխանատու է այս բոլոր համակարգերի արդյունավետ և անվտանգ ինտեգրման համար։ Այս մասնագետները կարևոր դեր են խաղում, որպեսզի բանկը կարողանա համընթաց առաջ ընթանալ տեխնոլոգիական նորամուծություններին զուգահեռ՝ օգտագործելով նորարարական լուծումներ և շուկայի պահանջներին համապատասխան համակարգեր։

Թվային ինքնությունը անքակտելի է անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներից, և բանկերը պետք է ապահովեն դրանց անվտանգությունը՝ համապատասխանելով միջազգային և տեղական իրավական պահանջներին, օրինակ՝ GDPR (Եվրոպական անձնական տվյալների պաշտպանության կարգավորումներ) կամ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը։

Թվային ինքնության մասնագետի աշխատանքի նպատակն է հետևել, որպեսզի բանկը համապատասխանի այս պահանջներին և նվազեցնի անվտանգության խախտման ռիսկերը։

Գործառույթները. այս փորձագետները նախագծում և ներդնում են թվային ինքնություն անվտանգ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մարդկանց   առցանց նույնականացում անցնել՝  ապահով կերպով հասանելիություն ստանալով ֆինանսական ծառայություններին: Այս դերը ներառում է անվտանգ վավերացման մեթոդների մշակում՝ օգտագործելով կենսաչափական և այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են դեմքի ճանաչումը (Face ID), բիոմետրիան, շարժման դինամիկան և այլ մեթոդներ:

Կարևորությունը. քանի դեռ թվայնացումը շարունակում է ակտիվորեն ներխուժել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, թվային ինքնության անվտանգ հաստատման անհրաժեշտությունը կաճի էքսպոնենցիալ: Թվային ինքնության մասնագետները կօգնեն ձևավորել առցանց բանկինգի գաղտնիության և անվտանգության ապագան՝ դարձնելով այն կարևոր և նորարար մասնագիտություն:

Հաջորդ տասնամյակը կբերի աննախադեպ հնարավորություններ և կառաջադրի նոր մարտահրավերներ ինչպես ֆինանսական հաստատությունների, այնպես էլ մասնագետների համար:

Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հետքը թողնել ֆինանսական ոլորտում, վերոնշյալ դերերն առաջարկում են առաջադեմ տեխնոլոգիաների, խնդիրների ստեղծագործական լուծման և նպատակաուղղված ազդեցության եզակի համադրություն:

Անկախ նրանից՝ արդեն ֆինանսական համակարգում ես կամ պլանավորում ես մուտք գործել ոլորտ՝ ճիշտ ժամանակն է ուսումնասիրել ապագայի մասնագիտությունները: Ցանկը՝ շարունակելի։

 

Կարդա նաև...

Նպատակներին ընդառաջ կամ ինչպես գումար խնայել

Նպատակներին ընդառաջ կամ ինչպես գումար խնայել

Այսօր կխոսենք այն հավելվածներից, որոնք կօգնեն պլանավորել բյուջեն ու փողերը քամուն չտալ։

Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես

Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես

Քանի՞ անգամ ես հետաձգել բնակարանի ընտրությունը, որովհետև վստահ չես` ինչից է պետք սկսել կամ ինչին ուշադրություն դարձնել։  Ի վերջո, տուն գնելը պատասխանատու որոշում է․ անկախ նրանից՝ ապրելու թե վարձակալության հանձնելու նպատակով ես գնում, մեծ գումար ես ներդնում։

Աշխատանք-կյանք հավասարակշռություն. հաջողության հասնելու բանալիներից մեկը

Աշխատանք-կյանք հավասարակշռություն. հաջողության հասնելու բանալիներից մեկը

Աշխատանք-կյանք հավասարակշռությունը տասնամյակներ շարունակ շատ քննարկվող թեմաներից է ամբողջ աշխարհում։ Եվ դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհում մասնագետների առջև ծառացած մարտահրավերների լայն շրջանակը:

  • Recent
  • Popular