Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Ապր

Ինչպե՞ս արագ աշխատանք գտնել․ 5 խորհուրդ

nor te hin meqena

Բացում ես մեյլդ ու վերջապես տեսնում՝ «Աշխատանքի առաջարկ»։ 

Հավատա` այդ օրը հեռու չէ, եթե «պատրաստ ես» աշխատանք գտնելուն։ Ընդամենը մի քանի պարզ քայլով դու կարող ես ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի: Ու դա մենք չենք ասում, այլ հետազոտությունների արդյունքները:

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք այն մասին, թե ինչին պիտի ուշադրություն դարձնես` աշխատանք գտնելու համար:

CV

Երևի շատ ես լսել. «Պետք է գրագետ CV կազմել»: Հանգիստ. չենք պատրաստվում նույնն ասել ու առաջ անցնել: Փոխարենը կպատմենք, թե կոնկրետ ինչ պիտի անես և ինչու:

Ինքդ էլ տեսնում ես, թե AI-ն (Artificial Intelligence) ինչ արագ է զարգանում: Հավատա` արդեն հասել է նաև քո CV-ին: Խոշոր ընկերություններում, որտեղ դիմորդների թիվը 400+ է, մինչև HR մասնագետին հասնելը CV-ն ևս մեկ փորձություն է անցնում: Դա Application Tracking System-ն (ATS) է:

Համակարգը, այսպես ասած, սքանավորում է քո CV-ն և անցկացնում այն HR մասնագետի դիտարկման փուլ կամ ոչ: Հետազոտություններից մեկի համաձայն` CV-ների 75%-ն այդպես էլ չի հասնում HR մասնագետին:

Խորհուրդ: CV-իդ մեջ ներառիր քո մասնագիտության և պահանջվող հմտությունների վերաբերյալ բանալի բառեր. թող ATS-ը հասկանա, որ դու համապատասխան թեկնածու ես: Անպայման ներառիր հենց այն հմտությունները, որոնք պահանջվում են հայտարարության մեջ։ «Դասավորիր» բոլոր տվյալները` բաժիններ առանձնացրու ու համարակալիր: Սա կարևոր է ոչ միայն ռոբոտի, այլև մարդու համար: Պատկերացրու, թե քեզ նման քանի հոգի է դիմում: HR մասնագետներն ամեն CV-ին միջինում հատկացնում են 20-30 վայրկյան: Ընտրիր ընթեռնելի տառատեսակ և տառաչափ, առանձին բաժիններ հատկացրու քո հմտություններին, կրթությանը, փորձին ու կոնտակտներին: Այնպես արա, որ ֆոնի և տեքստի գույնի կոնտրաստը մեծ լինի, որ կարդալու համար ոչ ոք ստիպված չլինի լարել տեսողությունը:

Կապեր (Networking)

 


Անձնական ու աշխատանքային կապերը մեծ դեր ունեն աշխատանք գտնելու հարցում: Հիմա կասես` միայն Հայաստանում է այդպես, բայց ոչ: ԱՄՆ-ում 2019-ին Jobvite-ի հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատանք փնտրողների 50%-ն աշխատանքի մասին լսել է ընկերներից, իսկ 37%-ը` ծանոթներից:  Միայն 13%-ն աշխատանքի մասին իմացել այլ աղբյուրներից: Մեկ այլ` LinkedIn-յան հետազոտության համաձայն` աշխատատեղերի 85%-ը համալրվում է հենց networking-ով:

Խորհուրդ: Մասնակցիր մասնագիտական սեմինարների, վեբինարների և այլ միջոցառումների: Մասնագետների հետ փոխանակվիր համարներով ու սոցէջերով: Հետո կտեսնես, թե կապերն ինչ արժեքավոր կապիտալ են քեզ համար: Այս հարցում քեզ LinkedIn-ն էլ շատ կօգնի: Այստեղ դու կարող ես connect-ի հայտեր ուղարկել քո ոլորտի մասնագետներն, հարցեր ուղղել, շփվել նամակագրությամբ կամ մեկնաբանություններով: Եթե նրանք մեկնաբանություն թողնեն քո հրապարակման տակ, քեզ կտեսնեն նաև իրենց connect-ները: Այդպես դու շատերի համար տեսանելի կլինես, HR մասնագետներն էլ քեզ հեշտ կգտնեն:
Բայց LinkedIn-ն այլ պատմություն է, դրա մասին առանձին պիտի խոսենք:

 

LinkedIn

Այսօր LinkedIn-ը գործատու և աշխատակից գտնելու ամենատարածված հարթակն է: Ըստ հետազոտությունների` HR մասնագետների 77%-ի համար LinkedIn-ը մասնագետ գտնելու հիմնական գործիքներից է: 

Խորհուրդ: LinkedIn-ի քո էջում բանալի բառեր օգտագործիր, որ HR մասնագետները հեշտորեն գտնեն քեզ: About բաժնում կարճ գրիր քո փորձի, հմտությունների, հնարավորության դեպքում նաև քո գրանցած որևէ տպավորիչ արդյունքի մասին: Թվերով խոսելու դեպքում կբարձրացնես քո հանդեպ վստահությունը: Մի զլացիր մասնագետներին connect-ի հայտեր ուղարկել, ընդունել, հրապարակումներ անել կամ մեկնաբանել: Որքան ակտիվ լինես, բանալի բառեր օգտագործես ու որակյալ network ստեղծես, այնքան կմեծանա որոնման արդյունքներում հայտնվելու ու աշխատանք գտնելու հավանականությունը:

Միացրու Job alert-ը, որ միշտ ծանուցումներ ստանաս քո պրոֆիլին համապատասխան աշխատանքների մասին: Նաև ակտիվացրու Open to work-ը, որ HR մասնագետները տեսնեն, որ բաց ես աշխատանքի համար:


Աշխատանքի որոնման հարթակներ

Աշխատանք փնտրելու շատ օնլայն հարթակներ կան, դրանք գուցե արդեն փորձած լինես: Դրանցից են job.am-ը, worknet-ը, myjob.am-ը, careercenter.am-ը, ֆրիլանսի համար հայտնի են Upwork-ը, Fiverr-ը:
Հայկական ամենամեծ հարթակը staff.am-ն է, որտեղ կգտնես Հայաստանի թոփ գործատուներին ու առկա թափուր հաստիքները: Այստեղ կարող ես միանգամից օնլայն CV ստեղծել. ձևը կա, դու միայն պիտի լրացնես տվյալները: Դրանց հիման վրա համակարգը քեզ կառաջարկի աշխատանքներ ու թրեյնինգներ: Staff.am-ում Ամերիայի թափուր հաստիքները կարող ես տեսնել այստեղ

Mobile Image

Խորհուրդ: Գրանցվիր աշխատանքի որոնման հարթակներում, որ ծանուցումներ ստանաս քեզ հետաքրքրող աշխատանքների վերաբերյալ: Հաշվի առ, որ որոշ ընկերություններ կարող են չտեղադրել հայտարարությունները այս հարթակներում և պարբերաբար այցելիր նրանց պաշտոնական կայքեր: Կարող ես նաև միանալ ֆեյսբուքյան, տելեգրամյան կամ ինստագրամյան մասնագիտական խմբերին: Շատ ընկերություններ այդտեղ նույնպես տեղադրում են հայտարարություններ:

Մասնագիտական կուրսեր

Մասնագիտություններն արագ են զարգանում: 10-յակ տարիներ առաջ գովազդները թերթերում էին տպագրվում, հետո եկավ համացանցը: Ոմանք պատրաստվեցին նոր իրողությանը, ոմանք ոչինչ չարեցին ու կորցրին աշխատանքը:

Այսօր էլ սպառողների վարքագծի փոփոխությունն ու AI-ն են աշխատաշուկային նոր պահանջներ թելադրում, ու դու պիտի պատրաստ լինես դրան:

Խորհուրդ: Պարբերաբար մասնագիտական թրենդերի մասին հոդվածներ կարդա ու կուրսեր անցիր` հմտություններդ զարգացնելու համար: Ծանոթացիր AI գործիքներին, ուսումնասիրիր` ինչպես կարելի է կիրառել դրանք քո աշխատանքում: Եթե որևէ բան ամեն անգամ խանգարում է քեզ դիմել աշխատանքի համար, զարգացրու այդ հմտությունդ: Օրինակ, եթե դա անգլերենի իմացությունն է, մտածիր` ավելի լավ չէ՞ որոշ ժամանակ սովորել, որ հետո նույն խնդրին չբախվես: Մասնագիտական ու լեզվական հմտությունների զարգացման հարցում քեզ կարող են օգնել Coursera-ն, Duolingo-ն, HubSpot Academy-ն, Udemi-ն, 42courses, MasterClass-ն ու շատ այլ հարթակներ: Կարող ես նաև վերցնել կուրսեր, որոնք կօգնեն քեզ կիրառել AI-ը քո աշխատանքում:

Հիշի′ր` եթե դու և քեզ նման մասնագիտական ունակություններով մեկը դիմեք նույն աշխատանքի համար, հաջողությունը կախված կլինի հենց այս հարցում քո գրագետ մոտեցումից: Այնպես որ, ուշադրություն դարձրու այս գործոններին: Բոլորին նույն CV-ն ուղարկելու փոխարեն անհատականացրու և համապատասխանեցրու ընկերության պահանջներին: Պարբերաբար թարմացրու LinkedIn-իդ էջն ու ստեղծիր որակյալ network: Ժամանակի հետ քայլիր  ու միշտ զարգացրու մասնագիտական հմտություններդ, որ շարունակես պահանջված լինել աշխատաշուկայում: 

 

 

Կարդա նաև...

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Թոփ ծրագրեր կրթությունդ նոր մակարդակի բարձրացնելու համար

Պատկերացրու` արթնանում ես, պատուհանից նայում Սագրադա Ֆամիլիա տաճարին, պատրաստվում, վերցնում սուրճ և չուռռոս ու շտապում դասի։

Խաղերը՝ որպես կրթվելու գործիք

Խաղերը՝ որպես կրթվելու գործիք

Ձանձրալին՝ ավելի գրավիչ ու հետաքրքրաշարժ, իսկ բարդը` ավելի պարզ ու ընկալելի։ Պատմության ընթացքում մարդկությունը փորձել է գտնել այս բանաձևը։

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

Իմ առաջին պորտֆելը. Ինչպե՞ս նվազեցնել ներդրումային ռիսկերը

«Որտե՞ղ ներդրում կատարեմ, ի՞նչ արժեթուղթ գնեմ, որ շատ եկամուտ ստանամ», «Իսկ եթե չստացվի՞»․ երևի հաճախ ես քեզ այս հարցերը տալիս, հատկապես եթե նոր ես մուտք գործում ներդրումների աշխարհ:

  • Recent
  • Popular