Ածանցյալ գործիքներ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ածանցյալ գործիքներ

Ապագային ուղղված քո հայացքը

Ցանկացած բորսայական ֆյուչերս ունի իր նախապայմանները, որոնք հաստատագրված են բորսաների կողմից և ներառում են ֆյուչերսային պայմանագիրը նկարագրող հետևյալ հիմնական տարրերը.

  • հիմքում ընկած ակտիվի անվանումը
  • տարբերակիչ ծածկագիրը
  • պայմանագրի վերջնահաշվարկի տեսակը (մատակարարման/հաշվարկային)
  • պայմանագրի ծավալը` պայմանագրի հիմքում ընկած ակտիվի քանակը
  • պայմանագրի մարման ժամկետը
  • մատակարարման ժամկետը
  • գնի նվազագույն փոփոխությունը
  • նվազագույն փոփոխության արժեքը

Օրինակ`  Չիկագոյի ապրանքային բորսայում գնանշվող եգիպտացորենի ֆյուչերսային պայմանագիրը իրավունք է տալիս 5000 բուշել եգիպտացորեն գնելու: Մատակարարման ամիսներն են մարտը, մայիսը, հուլիսը, սեպտեմբերը և դեկտեմբերը: Մատակարարման այլ ամիսներով և ծավալներով պայմանագրեր գոյություն չունեն: Հիմնականում բորսայական ֆյուչերսային պայմանագրերը ստանդարտացված են նույն կերպ, որպեսզի նույնանման ապրանքատեսակների ֆյուչերսային պայմանագրերը կարողանան փոխարինել միմյանց: Վերջնահաշվարկի տեսակը, ծավալը և ամիսը սահմանվում են բորսայի կողմից:

Ֆյուչերսային պայմանագրի կարևոր հատկանիշներից է բարձր իրացվելիությունը, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ առք/վաճառք իրականացնելու`  ֆյուչերսներով: Ժամանակակից համակարգչային տեխնիկայի կիրառման արդյունքում բորսայական գնանշումները տասնորդական վայրկյանների ընթացքում տարածվում են ամբողջ աշխարհով և հասանելի դարձնում բորսաները ոչ միայն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին, այլև հասարակության լայն շերտերին: Այս հանգամանքն ինքնըստինքյան ապահովում է մեծ շուկայական ծավալներ: Բորսայում գրեթե միշտ կգտնվեն գնորդների կամ վաճառողների խմբեր:

Եթե ֆյուչերսները համեմատենք ֆորվարդային պայմանագրի հետ, ապա վերջինս վաղաժամկետ (մինչև ֆորվարդի ժամկետի ավարտը) փակելու համար անհրաժեշտ է մյուս կողմի համաձայնությունը: Այս իմաստով ֆյուչերսները ընտրության հնարավորություն են տալիս ներդրողներին թե' վաճառելու ընթացիկ շուկայական գնով, թե' սպասելու մարման ժամկետի ավարտին:

Ֆյուչերսային պայմանագրեր գնելը հայտնի է երկար (long) դիրք անվամբ: Սակայն բորսայական առևտուրը կարգավորող օրենսդրությունը թույլ է տալիս իրականացնել ֆյուչերսային պայմանագրերի վաճառք` չունենալով դրանք: Այս դեպքում դիրքը կկոչվի կարճ (short): Կարճ վաճառք իրականացնողը իրավունք է ստանում մարման ժամկետը լրանալուն պես իրականացնել ակտիվի մատակարարում պայմանագրում նշված գնով և պայմաններով: Շատ հաճախ մասնակիցները իրականացնում են կարճ վաճառքներ սպեկուլյատիվ նպատակներով` ակնկալելով, որ գինը կընկնի, և իրենք հնարավորություն կունենան գնելու վաճառած ֆյուչերսը ավելի էժան գնով:

Ինչու՞ է որևէ մեկին հարկավոր վաճառել կարճ ֆյուչերսային պայմանագիր: Դա անհրաժեշտ է վաճառքի գինը սահմանելու նպատակով, որովհետև նա կարծում է, թե շուկան դեպի ներքև է շարժվում, և ինքը կկարողանա ֆյուչերսային պայմանագիրը հետ գնել ավելի ցածր գնով: Անկախ գործարքի տիպից (long թե short)` ֆյուչերսից ստացված եկամուտն ու վնասը կախված են միայն առքի և վաճառքի գների միջև եղած տարբերությունից:

Ապրանքահումքային ֆյուչերսները առավել հեշտ պատկերացնելու համար կարելի է դրանք խմբավորել այսպես.

  • հացահատիկայիններ (Grains)` հացահատիկ, եգիպտացորեն, վարսակ, սոյա, սոյայի յուղ, սոյայի զանգված,
  • միս (Meats)` կենդանի խոշոր եղջերավոր անասուն, տավար, խոզ,
  • մետաղներ (Metals)` պլատին, արծաթ, երկաթ, ոսկի,
  • սննդամթերք (Softs)` սուրճ, կակաո, շաքարավազ, նարնջի հյութ, բամբակ,
  • արտարժույթ (Fоreign currencies)` շվեյցարական ֆրանկ, բրիտանական ֆունտ, ճապոնական իեն, կանադական դոլար, մեքսիկական պեսո, ավստրալական դոլար,
  • ինդեքսային ֆյուչերսներ (Index futures)` S&P 500 ֆոնդային ինդեքս, Dow Jones ֆոնդային ինդեքս, Nikkei 225 ֆոնդային ինդեքս, NASDAQ 100 ֆոնդային ինդեքս, ԱՄՆ դոլարի ինդեքս, DAX 30 գերմանական ֆոնդային ինդեքս, CAC 40 ֆրանսիական ֆոնդային ինդեքս,
  • էներգակիրների ֆյուչերսներ (Energy futures)` նավթ, մազութ, բենզին, բնական գազ,
  • Փայտ (Wood)` փայտանյութ:

Ֆյուչերսային մարժայի նպատակը պայմանագրերի կատարումն ապահովելն է: Մարժա է պահանջվում ֆյուչերսային պայմանագրի և՛ գնորդից, և՛ վաճառողից: Յուրաքանչյուր ֆյուչերսային պայմանագրի համար գոյություն ունեն բորսայի կողմից սահմանված մարժաների սահմանաչափեր` դրամական արտահայտությամբ: Այն մարժան, որը պահանջվում է ֆյուչերսային պայմանագրով դիրք բացելու համար, կոչվում է սկզբնական մարժա (Initial margin): Այն մարժան, որը պահանջվում է ֆյուչերսային դիրքը պահպանելու (բաց պահելու) համար, կոչվում է պահպանման մարժա (maintenance margin): Սովորաբար պահպանման մարժան կազմում է սկզբնական մարժայի 75%-ը, սակայն շուկայական պայմաններից կախված` այն կարող է փոփոխվել թե՛ գնանշող բորսայի, թե՛ բրոքեր ընկերության կողմից:

Ե՛վ ապրանքահումքային, և՛ ֆինանսական ֆյուչերսները կարող են օգտագործվել ինչպես շուկայական ռիսկերից պաշտպանվելու (հեջավորում), այնպես էլ սպեկուլյատիվ նպատակներով: Ֆյուչերսներով առևտուր են անում հեջերները, սպեկուլյատորներն ու սպրեդերները:

  • Հեջերի հիմնական նպատակն է ռիսկի գործակցի նվազեցումը:
  • Սպեկուլյանտը մեծ եկամուտ է փնտրում առքի կամ վաճառքի հաշվին:
  • Սպրեդերը եկամուտ է ստանում երկու ֆյուչերսային պայմանագրերի գների միջև եղած տարբերության փոփոխությունից:

F

Հունվար

N

Հուլիս

G

Փետրվար

Q

Օգոստոս

H

Մարտ

U

Սեպտեմբեր

J

Ապրիլ

V

Հոկտեմբեր

K

Մայիս

X

Նոյեմբեր

M

Հունիս

Z

Դեկտեմբեր