HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Տեղեկացնում ենք, որ վերանայման են ենթարկվել հետևյալ խմբերում ներառված մեր հաճախորդների վարկային պարտավորությունները.

  • Հայաստանի քաղաքացիներ, որոնք այս օրերին զորակոչվել կամ մասնակցում են (կամավոր կամ պարտադիր հիմունքներով) ռազմական գործողություններին` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա (զինկոմիսարիատի,  ՀՀ պաշտպանության նախարարության, զինկոմիսարիատի կամ Երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի կամ Բանկի գնահատմամբ` հիմնավոր այլ փաստաթղթերի առկայության դեպքում), 
  • ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիներ` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա,
  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք, 
  • Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր*:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ հաճախորդների համար` 30/09/2020-30/11/2020թթ. ժամանակահատվածում, իսկ ռազմական գործողություններին մասնակցող/զորակոչված հաճախորդների համար` զորակոչման ամսվա սկզբից մինչ զորակոչից վերադառնալու ամսվա վերջին օրը, բայց ոչ ավելի, քան մինչև 30/11/2020թ. /ներառյալ/, դադարեցվում է վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի շրջանակում տոկոսագումարների, տույժերի, տուգանքների, սպասարկման վճարների հաշվեգրումը (այդ թվում ` սույն առաջարկում նշված ֆիզիկական անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով Բանկի հետ կնքված համապատասխան պայմանագրերի գծով): Ընդ որում, եթե զորակոչման կամ ռազմական գործողություններին մասնակցության փաստը չի հաստատվում զինկոմիսարիատի,  ՀՀ պաշտպանության նախարարության կամ Երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, սակայն Բանկի գնահատմամբ տեղեկատվության իսկությունը հավաստվում է այլ հիմնավորմամբ, ապա այդ հաճախորդների համապատասխան պայմանագրերի շրջանակում դադարեցվում է միայն տույժերի և տուգանքների հաշվեգրումը այն ամիսների համար, որոնց նախորդող ժամանակահատվածից տվյալ պայմանագրերի ներքո առկա են ժամկետանց պարտավորություններ:

Այն հաճախորդներին, ինչպես նաև զորակոչված և ռազմական գործողություններին մասնակցող հաճախորդների անմիջական ընտանիքի անդամներին (այն է` հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, ամուսին), որոնք վերանայման պահին չունեն ժամկետանց պարտավորություններ կամ ժամկետանց կլինեն միայն ընթացիկ ամսվա պարտավորությունները, կտրամադրվի վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի ներքո վճարային պարտավորությունների վճարման  հետաձգում մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը, եթե տվյալ ամսվա հերթական մարման օրը վճարման ենթակա պարտավորությունը չի մարվել կամ մարվել է մասնակի: Համապատասխանաբար, վճարման հետաձգման ամիսների քանակով (մեկ կամ երկու ամսով) կերկարաձգվի նաև վճարային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը: Օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում պարտավորության կատարման վերջնաժամկետը կերկարաձգվի միայն այն դեպքում, եթե այն լրանում է: Նշված ժամանակահատվածում չվճարված մայր գումարը կվերաբաշխվի մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, իսկ մինչ այդ հաշվեգրված տոկոսագումարները կտեղափոխվեն մարման հաջորդ օրվա վրա: Այն դեպքերում, երբ տոկոսագումարների/ սպասարկման վճարների հաշվեգրումը շարունակվում է, ապա.

  • վարկային և լիզինգի ներքո պարտավորությունների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները կվերաբաշխվեն հետաձգման ժամանակահատվածին հաջորդող 6 ամսվա վրա, իսկ եթե մարմանը 6 ամսից պակաս ժամկետ է մնացել` մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, 
  • ապառիկ ֆինանսավորման ներքո հաշվարկված սպասարկման վճարները կտեղափոխվեն մարման ժամանակացույցի վերջին` երկարաձգված ամսաթվի վրա:  

Եթե մինչ ռազմական գործողություններին մասնակցելու/ զորակոչման փաստը Բանկին հասանելի դառնալու պահը հաճախորդների տոկոսագումարների/ սպասարկման վճարների և տույժերի մարում է տեղի ունեցել, ապա այդ գումարն ուղղվելու է կամ վճարման ենթակա վարկային պարտավորությունների մարմանը, կամ վարկի մայր գումարի վաղաժամկետ մարմանը կամ տրամադրվելու է հաճախորդին:

Հավելենք, որ վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող պարտավորությունների դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: 

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 561111:

Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ:

 

* Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ:

Թարմացված է առ 05.11.2020 թ., 18:02
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: