HERE AND BEYOND
ՎԶԵԲ-ը «Ամերիաբանկի» կապիտալի բաժնեմաս է գնում
Մամուլի կենտրոն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով: «Ամերիաբանկը» Հայաստանում առաջատար մասնավոր բանկերից մեկն է: Այս գործարքը հանդիսանում է բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարք, որը մինչ օրս ստորագրվել է ՎԶԵԲ-ի կողմից այս տարածաշրջանում:


Առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը 30 մլն ԱՄՆ դոլարով: Մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար: Ներդրումների նպատակն է ամրապնդել «Ամերիաբանկը» և պատրաստել այն նախնական հրապարակային առաջարկին (IPO) ապագայում: 2016թ. «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:


Հնարավոր լիստինգից առաջ ՎԶԵԲ-ի ներդրումները կսատարեն «Ամերիաբանկի» աճը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ խոշոր կորպորատիվ և մասնավոր հաճախորդների, փոքր և միջին ձեռնարկությունների և մանրածախ հաճախորդների վարկավորման համար: Տնտեսության իրական հատվածի վարկավորման աճը կնպաստի Հայաստանի տնտեսական աճի ամրապնդմանը:


«Ամերիաբանկը» կայուն աճ է գրանցել տարիների ընթացքում: Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը ներկայումս կազմում է մոտավորապես 200 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդհանուր ակտիվները կազմել են 1 մլրդ. ԱՄՆ դոլար 2015թ. վերջում, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ֆինանսական ոլորտի համար: Սա նոր հնարավորություններ կընձեռի հետագա վարկավորման համար, ինչպես նաև տեղական շուկայում միաձուլումների և ձեռքբերումների հնարավոր գործարքներին մասնակցելու համար:


«Ամերիաբանկի» բաժնետեր դառնալու մասին ՎԶԵԲ-ի որոշումը վկայում է այն վառ հեռանկարների մասին, որոնք ՎԶԵԲ-ը տեսնում է «Ամերիաբանկի» համար, և ճանաչում է այն կարևոր ներդրումը, որը վերջինս ունի երկրի տնտեսության, բանկային հատվածի և հասարակության զարգացման գործընթացում:


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Մենք ուրախ ենք «Ամերիաբանկի» բաժնետեր դառնալու առիթով և դիտում ենք այս հնարավորությունը որպես ևս մեկ քայլ տեղական բանկային հատվածի ամրապնդման ուղղությամբ: Ֆինանսավորման հասանելիության բարելավումը կարևորագույն գործոն է, որը հնարավորություն կընձեռի տեղական ընկերություններին օգտագործել իրենց ներուժը: Որպես բաժնետեր՝ ՎԶԵԲ-ը կաջակցի «Ամերիաբանկի» զարգացմանը՝ շեշտը դնելով մասնավորապես կորպորատիվ կառավարման վրա»:


«Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության այս նոր մակարդակը: Սա մեծ աջակցություն է «Ամերիաբանկին»՝ կապիտալի համաշխարհային շուկաների ուղղությամբ շարժվելու առումով՝ մեր ռազմավարական նպատակներին և ձգտումներին համահունչ: Ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին», - ասել է «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:


1992թ. Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.04 միլիոն եվրո 148 ծրագրերում՝ ֆինանսական և կորպորատիվ հատվածներում, ինչպես նաև Հայաստանի ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: Ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում: 
 

Թարմացված է առ 22.01.2016 թ., 10:30
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: