HERE AND BEYOND
Խելացի ռոբոտները Երևանում են մինչև հունվարի 10-ը
Մամուլի կենտրոն
       
 
  «Երևան մոլի» «Կինոպարկի» հարևանությամբ «Ռոբոտների շքերթ» է. Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի,         Իռլանդիայի և այլ երկրների 20 ինտերակտիվ ռոբոտ, որոնք Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա»        ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ: BlogNews-ը ներկա է եղել «Ռոբոտների շքերթ»-ին, որտեղ էքսկուրսավարները մեզ ծանոթացրել են ռոբոտների հետ:
 Նախասրահում ծանոթացանք ռոբոտների ընտանիքին՝ ռոբոտ հայրը, որը զինվորական է, ռոբոտ որդին, որը շատ է  սիրում մեքենաներ, և ռոբոտ մայրը, որը բոլոր մայրիկների պես զբաղվում է տնային գործերով: Ռոբոտ Բակսթերը  ստեղծված է գործարաններում աշխատելու համար: Մեկ անգամ գործողությունը ցուցադրելու դեպքում ռոբոտը կարող է  կրկնել այն, որքան նրան տվյալ գործողությունը հրահանգվի: Այն վերցնում է, տեղափոխում, հագուստները ծալում,  փաթեթավորում, դասավորում, սուրճ պատրաստում, կարող է բարձրացնել մինչև 5 կգ ծանրություն: Ունի թաթիկների 7  տարբերակ, որոնք փոփոխվում են: Ռոբոտը 360 աստիճան պտտվում է, զգայուն է, աշխատանքի ընթացքում կարող է նկատել մարդկանց և չհարվածել, երբ վտանգ կամ բարձր ճիչ է զգում, դադարեցնում է աշխատանքը: Այլ կերպ ասած` Բակսթերն արդյունաբերական ռոբոտների ապագա սերնդի ներկայացուցիչն է: Ռոբոտ Դայակն ակտիվ, չարաճճի ռոբոտ է, որը հետևում է երեխային ծնողների բացակայության ընթացքում: Այս էլեկտրոնային «դայակը» հետևում է երեխայի աչքերի ակտիվությանը, և հենց երեխան արթնանում է, ազդանշան է ուղարկում ծնողների հեռախոսին ու երեխայի հետ շփվելու համար ապահովում ծնողների ներկայությունը: Ռոբոտին միանալու համար անհրաժեշտ է պարզապես միացնել համապատասխան ծրագիրը կամ հավելվածը պլանշետում, որի համար չեն պահանջվում հատուկ հմտություններ։
Ռոբոտ Պարոն թերապևտիկ ռոբոտ է, որն ունի գրենլանդական փոկի ձագուկի արտաքին: Այն ունի նույն հատկությունները, ինչ կենդանիները: Այն գրանցված է Գինեսի գրքում՝ որպես հակասթրեսային բուժիչ միջոց, քանի որ երբ նրան շոյում ես, այն հանգստացնում է նյարդերը: Պարոն հիմնականում այցելում է ծերանոցներ և մանկատներ,   որտեղ կա առանձնահատուկ հոգատարության և քնքշանքի կարիք:
Ռոբոտ Բարմենը կարող է խառնել 7 տարբեր տեսակի խմիչքներ և պատրաստել համեղ կոկտեյլ: Ունի 1000-ից ավելի   բաղադրատոմսեր, սակայն կարող է աշխատել նաև Ձեր առաջարկած բաղադրատոմսով: Այն բավականին շատ քանակությամբ կոկտեյլներ է պատրաստում և նախատեսված է մեծ միջոցառումների համար: Ռոբոտ Անլանտիմը պրոմոբոտ է, որն իր էկրանին տեղադրված գովազդով շրջում է առևտրի կետերում, խոսում և հարցերի պատասխանում: Ցանկության դեպքում լուսանկարում է Ձեզ և լուսանկարը տեղում ուղարկում Ձեր էլեկտրոնային փոստին: Ռոբոտ Բորիս. եթե ուզում եք ներկա լինել ինչ-որ միջոցառման, բայց չեք կարող, Ձեր փոխարեն կարող եք ուղարկել Բորիսին, նա ամեն բան կտեսագրի և կապահովի Ձեր ներկայությունը տվյալ վայրում:
Ռոբոտ Մուրացկանը կամ, ինչպես նրան այլ կերպ անվանում են, Սոնկան, պատրաստված է փայտից, և, թերևս, հենց դա է նրա հմայիչ և տարբերվող լինելու գրավականը: Ինչպես նշում են էքսկուրսավարները՝ այս ռոբոտը շատ է ցանկանում մի օր ունենալ երկաթե հանդերձանք և այդ իսկ նպատակով նա շրջում է փողոցներով, գումար հավաքում, գումար տվողին օրհնում և երգում նրա համար: Այդքանով հանդերձ՝ Սոնկան մարդկանցից շատ է վախենում և իրեն դիպչելու դեպքում օգնություն է կանչում:
Ռոբոտ Յոշան պատվիրվել է Խարկովի ռեստորաններից մեկի սեփականատիրոջ կողմից: Նա մատուցող է, մոտենում է սեղանին, ընդունում պատվերը և մատուցում առանց սխալների:
 Տաղանդավոր ռոբոտ Նկարիչը ճշտությամբ նկարում է այն ամենը, ինչը համակարգչով հանձնարարվում է նրան. նկարում  է մեկ գույնով և առանց ընդհատման:
Բասկետբոլ խաղացող ռոբոտն ի սկզբանե նախատեսված է եղել արտադրությունում ծանր աշխատանքներ կատարելու  համար, սակայն Ռոբոտների շքերթում նա բասկետբոլ է խաղում. ճշտությամբ գնդակը նետում է զամբյուղի մեջ և երբեք  չի վրիպում:
Ռոբոտ Ֆուտբոլի օգնությամբ ֆուտբոլասերները կարող են խաղալ իրենց սիրելի խաղը, իսկ ռոբոտ Պինգ Պոնգը թենիս է  խաղում և շատ մասնագիտացված. 1 րոպեում 25-80 գնդակ է տալիս՝ ըստ ծրագրավորման:
Ռոբոտ Տեսպիանը ամենահմայիչն է ու ամենաշատն է գրավում այցելուների ուշադրությունը: Նա շփվում է հյուրերի հետ,  հարցեր տալիս, հարցերի պատասխանում, երգում, պարում և անգամ սիրահարվում: Իսկ երբ նրա հետ սելֆի են անում,  նա անպայման նշում է, թե տվյալ օրն արդեն քանի անգամ են իր հետ սելֆի արել:
Ռոբոզագսն ամուսնացնում է. տալիս է ամուսնական վկայական, մատանիներ և հարսանեկան լուսանկար` որպես հիշատակ: Նա անգամ նկատում է և արտահայտվում է զույգերի էմոցիաների վերաբերյալ:
Ամենաճկուն ռոբոտները, որ երբևէ տեսել էինք` Պարող ռոբոտներ: Այս ռոբոտները ներկայացնում են պարային շոու և այնքան լավ են շարժվում երաժշտության ռիթմերի ներքո, որ իրենց հետ համահունչ սկսում են պարել նաև ներկաները:
Fibrum-ակնոցի միջոցով տեղափոխվում ենք վիրտուալ աշխարհ, իսկ Leap Motion-ի իրական շարժումն արտացոլվում է վիրտուալ աշխարհում` էկրանի միջոցով: Այն պետք է տեսնել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տաղավարում ներկայացված են Հայաստանում արտադրված ռոբոտներ: Եռաչափ տպիչի միջոցով հնարավոր է աճեցնել պլաստմասային ցանկացած դետալ: Ի դեպ, հատուկ երեխաների համար ծրագիրը գրված է հայրենով, այսինքն` փոքրիկներն իրենք կարող են համակարգչային խաղ «ստեղծել» իրենց համար:
 Ամերիաբանկն էլ ունի իր ռոբոտը, որը տերմինալի տեսքով է և հնարավորություն է տալիս կառավարել հաշիվները և կատարել փոխանցումներ:
Շատ տպավորիչ էր «Այբ» դպրոց-տաղավարը, որտեղ դպրոցի սաները ցուցադրում են նրանց պատրաստած ռոբոտները,  օրինակ՝ մի ռոբոտը հրշեջ է, մյուսը դուրս է գալիս ամենաբարդ լաբիրինթոսներից, քանի որ շարժվում է պատին  զուգահեռ: Շատ տպավորիչ էր «Այբ» դպրոց-տաղավարը, որտեղ դպրոցի սաները ցուցադրում են նրանց պատրաստած  ռոբոտները, օրինակ՝ մի ռոբոտը հրշեջ է, մյուսը դուրս է գալիս ամենաբարդ լաբիրինթոսներից, քանի որ շարժվում է  պատին զուգահեռ:
Ամենագունավոր տաղավարում երեխաներն իրենց ծնողների հետ ստվարաթղթից և գունավոր կպչուն ժապավեններից տեղում կարող են պատրաստել Ռոբո գլխարկներ: Անհրաժեշտության դեպքում նրանց կօգնեն մասնագետները: Ռոբոտների շքերթում անցկացվում են նաև ռոբոտաշինության վարպետության դասեր «Թումո» կենտրոնի կողմից:
Նշենք, որ ռոբոտները Հայաստան բերվել են մեկական օրինակով՝ ցուցադրության համար: Տարածաշրջանում առաջին անգամ Երևանում է գործում այսպիսի ցուցահանդես: Կազմակերպիչները նշում են, որ այցելուներ ունեն նաև Վրաստանից: Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 10-ը:
Սրահում կան նաև հանգանակությունների արկղեր՝ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնելու համար:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Աղբյուրը՝     http://blognews.am/arm/news/329557/

 


Թարմացված է առ 24.12.2015 թ., 18:41
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: