ONLINE

CHAT


Զեղծարարության տարածված տեսակներն աշխարհում

 

Զեղծարարություն ցրիչի միջոցով 

Զեղծարարության այս եղանակով զեղծարարները քարտը ոչնչացնելու նպատակով, խնդրում են ցրիչի միջոցով այն ուղարկել համապատասխան հասցեով:  Հաճախ նաև խնդրում են գրի առնել PIN-կոդը և, վստահություն ներշնչելու համար, կարող են անգամ խնդրել քարտը կտրել ուղարկելուց առաջ: 

Հիշե՛ք.

  • Բանկը ԵՐԲԵՔ չի պահանջի վերադարձնել Ձեր քարտը և PIN-կոդը ցրիչի միջոցով: 
  • ԵՐԲԵՔ մի հայտնեք Ձեր PIN-կոդը որևէ մեկին, անգամ եթե նա ներկայանում է որպես բանկի աշխատակից: 
  • Բանկի աշխատակիցը կարող է Ձեզանից պահանջել տեղեկատվության միայն մի մասը, բայց երբեք՝ լրիվ հասցեն կամ ծննդյան ամսաթիվը:

Որպեսզի մենք կարողանանք արագ կապ հաստատել Ձեզ հետ կասկածելի գործարքների դեպքում, խնդրում ենք պարբերաբար թարմացնել բանկում առկա Ձեր կոնտակտային տվյալները, այդ թվում՝ բջջային հեռախոսի համարը: 


Սփուֆինգ (Spoofing)

Զեղծարարության այս եղանակով հանցագործները կեղծում են հեռախոսահամարը կամ զանգահարողի անունն այնպես, որ Դուք համոզված լինեք, որ զանգը բանկից է: Ձեր հեռախոսի էկրանին արտացոլվող համարը/անվանումը կարող է շատ նման լինել բանկի հեռախոսահամարին, սակայն կարող է լրացուցիչ զրոներ ունենալ սկզբում, օր.՝ 00845 70 70 70 համարը 0845 70 70 70 համարի փոխարեն:

Այսպիսի զանգերի միջոցով Ձեզ կարող են կեղծ տեղեկացնել, որ Ձեր հաշիվը «կոտրել» են: Հաճախ զեղծարարները պնդում են, որ միջոցներն արդեն դուրս են գրվել, կամ հենց այդ պահին առկա է այդպիսի վտանգ: Հետո հաճախորդին հրահանգում են միջոցները փոխանցել «ապահով» հաշվին՝ հետագա հարձակումներից պաշտպանվելու նպատակով:  Զեղծարարները կարող են փորձել Ձեզ համոզել, որ խարդախության համար կասկածվում են բանկի աշխատակիցները, և Դուք կկորցնեք Ձեր փողը, եթե չհետևեք բոլոր ցուցումներին:  

Անծանոթ անձանցից կասկածելի զանգեր ստանալու դեպքում խորհուրդ ենք տալիս դադարեցնել զանգը և կապ հաստատել բանկի հետ այլ հեռախոսից, իսկ եթե զանգահարեք նույն հեռախոսից, ապա սպասեք առնվազն 10 րոպե՝ վստահ լինելու համար, որ գիծն անջատվել է: Ձեր կասկածները հայտնելու և զանգի օրինականությունը պարզելու համար կարող եք նաև այցելել բանկ:   


Վիշինգ (Vishing)

Վիշինգի դեպքում զեղծարարները զանգահարում են «իրենց զոհերին» և ներկայանում որպես բանկի, զեղծարարությունների հետախուզման խմբի կամ ոստիկանության աշխատակիցներ: Հեռախոսազանգի ընթացքում փորձում են պարզել հաճախորդի ֆինանսական տվյալները, հաճախ՝ վարկային/դեբետային քարտի տվյալները (այդ թվում՝ PIN-կոդը), բանկային հաշվի և անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և/կամ հասցեն: Այս տեղեկությունները հետագայում օգտագործվում են զոհի ֆինանսներին հասանելիություն ստանալու համար: 


Խարդախություն ներդրումների կամ բաժնետոմսերի վաճառքի միջոցով 

Այս դեպքում զեղծարարները վաճառվում են արժեք չունեցող, կեղծ կամ ուռճացված գին ունեցող, սահմանափակ քանակով և սահմանափակ շուկաներում շրջանառվող բաժնետոմսեր՝ խեղաթյուրելով վաճառվող բաժնետոմսերի իրական բնույթը: Նման գործունեության միակ նպատակը ներդրողների ֆինանասական միջոցներին տիրանալն է: Բաժնետոմսեր վաճառող զեղծարարների հետ գործ ունենալու դեպքում հաճախորդն ամենայն հավանականությամբ կկորցնի ներդրված գումարները՝ առանց փոխհատուցման իրավունքի: 

Այս տեսակի հանցագործությունները շատ տարաբնույթ են, բայց բոլորին միավորում է մի քանի ընդհանուր հատկանիշ, որոնցից պետք է զգուշանաք: Դրանք են՝ 

  • Անսպասելի կապի հաստատում  
  • Առաջարկվող անիրատեսորեն բարձր եկամուտ՝ ցածր ռիսկ ունեցող ներդրումների դիմաց 
  • Գործարքի վավերության անկախ ապացույցների բացակայություն  
  • Արագ որոշում կայացնելու հորդոր
  • Գործարքի գաղտնիությունը պահպանելու խնդրանք 
  • Հետադարձ կապի համար տրամադրված անհասանելի հեռախոսահամարներ:

 


Կանխավճար կամ «Խարդախություն 419»

Այս խարդախության դեպքում Դուք կարող եք անծանոթ անձանցից ստանալ նամակներ և էլ. հաղորդագրություններ, որտեղ Ձեզ կառաջարկեն խոշոր դրամական պարգև, եթե օգնեք դրամական միջոցների մեծ գումարներ փոխանցելու գործում, որպես կանոն ԱՄՆ դոլարով: Խոսքը կարող է գնալ տարբեր ծագում ունեցող միջոցների մասին՝ սկսած կորպորատիվ շահույթից, չծախսված պետական միջոցներից մինչև անժառանգ հանգուցյալ անձին պատկանող միջոցները: Զեղծարարները փորձում են իմանալ Ձեր բանկային տվյալները: Որպես կանոն, նամակն ստացողին խնդրում են վճարել որոշակի վճար/հարկ/կաշառք (կանխավճար)՝ գործարքն ավարտին հասցնելու համար: Սակայն բոլոր վճարված գումարները կորում են: 


Վիճակախաղ

Այս դեպքում Դուք ստանում եք նամակ կամ էլ. հաղորդագրություն, ըստ որի Դուք դարձել եք վիճակախաղի հաղթող: Փոխանցում կատարելու համար Ձեզ խնդրում են պատասխանել նամակին՝ նշելով Ձեր բանկային հաշվի տվյալները: Ձեզ նաև կարող են խնդրել վճարել սպասարկման կամ ձևակերպման վճար, որը Դուք, բնականաբար, հետ չեք ստանա: Ձեր կողմից տրամադրված ցանկացած տվյալ հետագայում կարող է օգտագործվել խարդախություն գործելու նպատակով:


Ստեղնաշարային գողություն/տվյալների կորզում (keystroke logging)

Ցանկացած բան, որը տպում եք համակարգչում, կարող է գրանցվել և պահվել զեղծարարների կողմից: Դա հնարավոր է՝ թե՛ Ձեր համակարգչին հատուկ սարք կցելով, թե՛ տեղադրելով հատուկ ծրագիր, որը կաշխատի Ձեզ համար աննկատ: Տպվող տեղեկատվության կորզումը հաճախ կիրառվում է զեղծարարների կողմից անձնական տվյալներ, այդ թվում՝ գաղտնաբառեր գողանալու համար: Վերջերս ի հայտ եկած որոշ վիրուսներ կարող են նույնիսկ առանց Ձեր իմացության այդպիսի ծրագիր տեղադրել Ձեր համակարգչում:

Ստեղնաշարի միջոցով մուտքագրվող տվյալների կորզման վտանգը ավելի բարձր է մի քանի մարդու կողմից օգտագործող համակարգիչների պարագայում, ինչպես, օրինակ, ինտերնետ-սրճարաններում: Նորագույն հակավիրուսային և միջցանցային պաշտպանության ծրագրերը կարող են օգնել՝ ջնջելու վնասակար ծրագիրը մինչև դրա գործարկումը:  


Ֆարմինգ (Pharming)

Ֆարմինգը կիբերհանցագործության այն տեսակն է, երբ զեղծարարներն ստեղծում են կեղծ կայքեր՝ հույս ունենալով, որ մարդիկ սխալմամբ կայցելեն դրանք: Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, իսկական կայքի հասցեն տպելիս սխալ թույլ տալու դեպքում: Երբեմն զեղծարարներին հաջողվում է վերաուղղորդել իսկական կայքի այցելուներին իրենց ստեղծած կայք, ինչից հետո նրանք փորձում են գրանցել մուտքագրվող անձնական տվյալները:  

Թարմացված է առ 11.08.2017 թ., 16:11

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.