HERE AND BEYOND
Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B1 վարկանիշ   
Մամուլի կենտրոն

Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է հետևյալ վարկանիշները.

  • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ,
  • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ,
  • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:

 

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:

Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար:

 

Վարկանշման հիմնավորումները

Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.

  • բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում 
  • ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի, 
  • իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: Միաժամանակ, Ամերիաբանկի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով և արտարժույթով վարկերի էական տեսակարար կշռով:

 

Ըստ Moody's-ի՝ Ամերիաբանկի ակտիվների որակը կանխատեսելի ապագայում ընդհանուր առմամբ կայուն կմնա՝ հաշվի առնելով տնտեսական պայմանների բարելավումն ու Moody's-ի սպասումները, որ 2018-2019թթ. ազգային արժույթը կլինի կայուն:

Վարկանիշները սահմանելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ: Մասնավորապես, նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում: 31.03.2018 դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3.9%՝ 2017թ. տարեվերջի 4.1%-ի համեմատ, խնդրահարույց վարկերի ծածկման գործակիցը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 87%՝ 2017թ. տարեվերջի 57%-ի համեմատ: Միաժամանակ, տարեվերջին արտարժութային վարկերի տեսակարար կշիռը եղել է բարձր՝ 82%, ինչը բերում է ակտիվների որակի զգայունությանը փոխարժեքային տատանումների նկատմամբ: Սակայն մյուս կողմից, այդ վարկառուների էական մասն արտահանողներ են, որոնք ապահովում են արտարժութային հասույթ, որն էլ մասամբ նվազեցնում է փոխարժեքային տատանումներից բխող վարկային ռիսկը:

Moody's-ը կարևորել է նաև այն համգամանքը, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված բաժնետիրական կառուցվածք և անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավել լրացուցիչ կապիտալ: Մասնավորապես, Ասիական Զարգացման Բանկի ներդրման շնորհիվ 2018 թ. Բանկի սեփական կապիտալը համալրվել է 30 միլիոն ԱՄՆ դոլարով: Կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 14.05%, իսկ Բազել I-ի պահանջներին համապատասխան՝ շուրջ 19%: 2018թ. առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.56 մլրդ ՀՀ դրամ (56% աճ՝ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ): Արդյունքում` ակտիվների միջին եկամտաբերությունը տարեկան կտրվածքով կազմել է 1.5%, եկամտաբերությունն ըստ կապիտալի ՝ 13.4%:

Moody's-ն ակնկալում է, որ կանխատեսելի ապագայում` մոտակա 12-18 ամսում Բանկի եկամտաբերության աճի միտումը կպահպանվի՝ շնորհիվ այն բանի, որ Բանկի վարկային ռազմավարությունը կենտրոնացած կլինի ավելի եկամտաբեր մանրածախ բանկային գործառնությունների զարգացման վրա:

Moody's-ը նշել է նաև, որ Բանկի իրացվելիության ցուցանիշները և միջոցների նեգրավումը մոտակա 12-18 ամսում կլինեն կայուն՝ շնորհիվ լավ դիվերսիֆիկացված պարտավորությունների, իրացվելի ակտիվների մեծ պաշարի և այլընտրանքային իրացվելիության աղբյուրների (օրինակ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող միջոցների): Moody's-ը կարևորում է նաև, որ հաճախորդների միջոցները Բանկի պարտավորությունների շուրջ 64% են, որոնց կեսը մանրածախ ավանդներ են: Բանկն ունի իրացվելիության բավարար պաշար՝ կազմված դրամական միջոցներից և պետական արժեթղթերից, որոնք 2018թ. առաջին եռամսյակում կազմել են ընդհանուր ակտիվների ավելի քան 22%-ը:

Ամերիաբանկի ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների գլոբալ B1 վարկանիշը (GLC) ներառում է Moody's-ի գնահատականն առ այն, որ անհրաժեշտության դեպքում պետական աջակցության հավանականությունը բարձր է՝ շնորհիվ այն հանգամանքի, որ Ամերիաբանկը հանդիսանում է համակարգային կարևորության բանկ, ունի հաճախորդների մեծ բազա և շուկայի մեծ մասնաբաժին (17% ըստ հաճախորդներին տված վակերի, 13% ըստ հաճախորդների ավանդների): Մյուս կողմից, այս աջակցությունն ազգային արժույթով գլոբալ վարկանիշի բարձրացում չի ենթադրում, քանի որ բանկի վարկունակության բազային գնահատականն (BCA) արդեն իսկ հավասար է Հայաստանի B1 վարկանիշին:

 

Վարկանիշի դրական հեռանկար

Բանկի ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար, ինչը համընկնում է ՀՀ պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի հետ: 

Թարմացված է առ 06.08.2018 թ., 18:34
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: